«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը չի ցանկանում մեկնաբանել իրենց կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանի եւ կուսակցության քաղխորհրդի անդամ Պետրոս Գեւորգյանի երկրորդ հայտարարությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Պետրոս Մակեյանը` շեշտելով, որ առաջիկա օրերին քաղխորհրդի նիստ կլինի եւ հայտարարություն կտարածեն: «Քաղխորհուրդը որոշումներ կընդունի, որն իրավական հարթության մեջ է, իսկ իրենք գործում են Զուրաբյան Լյովիկի հարթության մեջ»,- ասաց նա` շեշտելով, որ «Զուրաբյան Լյովիկի խոսնակներին պատասխանելու բան չունի»:
Ինչ վերաբերում է պաշտոնն ապօրինի բռնազավթելու մեջ կուսակցության ղեկավարի հասցեին հնչեցված մեղադրանքներին, համագումար հրավիրելու մասին օրենքի պահանջները խախտելու վերաբերյալ հայտարարությանը, ապա նա նշեց, որ նրանք նույնիսկ կուսակցությունից տեղյակ չեն, չգիտեն համագումարների հերթականությունը:
Ի դեպ, հաջորդ չորեքշաբթի ՀԱԿ քաղխորհրդի քննարկմանը կներկայացնի Պետրոս Մակեյանի ղեկավարած «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության` ՀԱԿ քաղաքական ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ փաստաթուղթը, որտեղ առաջարկվում է՝ ՀԱԿ քաղխորհրդի նիստերի ղեկավարումը ստանձնի Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Թե ինչու է փաստաթղթի քննարկումը ուշանում, քանի որ այն պետք է նեկայացվեր այս շաբաթ, Պետրոս Մակեյանը նշեց, որ Ստեփան Դեմիրճյանը նոր է վերադարձել Գերմանիայից, չէին հասցրել հանդիպել, քննարկել, դրա համար էլ հետաձգվել է: Իսկ թե ինչպիսին է Ստեփան Դեմիրճյանի վերաբերմունքը այդ փաստաթղթին, Պետրոս Մակեյանը նպատակահարմար չգտավ հրապարակել:
Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամներ Ղուկաս Մեհրաբյանն ու Պետրոս Գեւորգյանը հայտարարություն են տարածել, որտեղ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին մեղադրել են պաշտոնն ապօրինի բռնազավթելու մեջ: Ավելի վաղ նրանք մեկ այլ հայտարարություն էին տարածել:





























