Վերջին ամիսներին Գերմանիայում և, ընդհանուր առմամբ, Եվրոպայում ջրի պակասը սրվել է։ Այս եզրակացությանն են եկել Պոտսդամի երկրաֆիզիկոսները, որոնք NASA-ի և Գերմանիայի օդատիեզերական կենտրոնի (DLR) հետ համատեղ վերլուծում են արբանյակային դիտարկումների տվյալները, հաղորդում է dpa-ն։

Հետազոտողների տվյալներով, Գերմանիայի ջրային պաշարները կարող են չվերականգնվել մինչև տարեվերջ անգամ ավելի առատ աշնանային անձրևների դեպքում։ Ընդ որում, առկա տվյալներն ընդգրկում են միայն մինչև հունիս ընկած ժամանակահատվածը և դեռ չեն հաշվի առնում ամառային շոգի ալիքների հետևանքները, ուստի ջրի իրական պակասը կարող է լինել էլ ավելի լուրջ։

Հատկապես նկատելիորեն կրճատվում են ստորերկրյա ջրերի պաշարները։ «2015 թվականից ի վեր մենք Գերմանիայում դիտարկում ենք ավելի չոր պայմաններ, քան նախորդ 15 տարիներին», — նշել է GFZ-ի գլոբալ գեոմոնիթորինգի ուղղության ղեկավար Անետե Այքերը։

Անսովոր խոնավ 2024 թվականը թույլ տվեց մասամբ վերականգնել պաշարները, սակայն դրան հաջորդեց դրանց կտրուկ կրճատումը։ Հիդրոլոգ Անդրեաս Գյունտների կարծիքով, հենց ստորերկրյա ջրերի պաշարների նվազումն է կազմում Գերմանիայում ջրի ընդհանուր ծավալի երկարաժամկետ անկման հիմնական մասը։

Հետազոտողները նշում են, որ խնդիրը կապված է ոչ այնքան տեղումների քանակի նվազման հետ. դրանց ծավալի մասով երկարաժամկետ բացասական միտում չի հայտնաբերվել։ Գլխավոր դերը խաղում է օդի ջերմաստիճանի բարձրացումը, որի հետևանքով մեծանում է պոտենցիալ գոլորշիացումը՝ ջրի այն քանակը, որը կարող է հողից անցնել մթնոլորտ։

Այս ամռան ծայրահեղ շոգի հետևանքները գիտնականները կկարողանան գնահատել աշնանը նոր արբանյակային տվյալների ստացումից հետո։