Հայ ազգային կոնգրեսում, երեկ` հունվարի 30-ին, կայացել է քաղխորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել են ներքաղաքական հարցեր: Այս մասին այսօր` հունվարի 31-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
«Չեմ կարծում, որ ես իրավունք ունեմ եւ ինձ թույլ կտամ քաղխորհրդում քննարկված հարցերի շուրջ խոսել, բայց կարող եմ ասել, որ ընդհանուր ներքաղաքական իրավիճակի շուրջ է եղել կարծիքների փոխանակումը, գալիք նախագահական ընտրությունները եւ ընտրարշավի ընդհանուր պատկերը»,- ասաց նա:
Լյուդմիլա Սարգսյանը հաստատեց, որ նիստին չեն մասնակցել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը, «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Սոս Գիմիշյանը, ինչպես նաեւ Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչը: «Ինչ վերաբերում է Գիմիշյանին եւ Մակեյանին, չեն մասնակցել, ինչ վերաբերում է ՀԺԿ ներկայացուցիչ Ստեփան Մինասյանին, ապա տեղյակ էինք, որ տեխնիկական պատճառներով ներկայացուցիչը չէր կարող ներկա լինել, որեւէ խնդիր չկա»,- ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ Սոս Գիմիշյանը եւ Պետրոս Մակեյանը չեն մասնակցել նիստին, նա պատասխանեց, որ չի կարող ասել: Մեր դիտարկմանը, թե նրանք մեզ հետ զրույցում նշել են, որ տեղյակ չեն եղել, որ նիստ է լինելու, չեն տեղեկացրել այդ մասին, Լյուդմիլա Սարգսյանը շեշտեց, որ «դա այդպես չէ, բոլորը տեղեկացված են լինում քաղխորհրդի նիստից առաջ»:
ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ որեւէ խնդիր չկա, Ստեփան Մինասյանը պետք է մասնակցեր ՀԱԿ քաղխորհրդի նիստին, չի կարող ասել, թե ինչի չի մասնակցել:
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ երեկ ՀԱԿ քաղխորհրդի հերթական նիստին ՀԺԿ-ից որեւէ մեկը չի մասնակցել: Նիստին չեն մասնակցել նաեւ Մակեյանի եւ Գիմիշյանի կուսակցությունները:





























