News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

1887 թվականին ծնված Էստոնացի Հեդվիգ Բյուլը 20-րդ դարի սկզբին միսիոներական առաքելություն է իրականացրել Կիլիկիայում եւ իր ողջ կյանքը նվիրել հայությանը:

Լինելով բարեկեցիկ ընտանիքի զավակ` Հեդվիգը ստացել է հիանալի կրթություն (Սանկտ Պետերբուրգում բարձրագույն մանկավարժական, իսկ Գերմանիայում` միսիոներական կրթություն): Նա տիրապետել է մայրենի էստոներենին, ռուսերենին, ֆրանսերենին, անգլերենին, գերմաներենին, իսկ Կիլիկիայում միսիոներական առաքելությունն իրականացնելու ընթացքում` նաեւ թուրքերենին եւ հայերենեին:

1909-ին, եվրոպական մամուլի էջերից տեղեկանում է Ադանայում հայկական կոտորածների սարսափազդու լուրերին եւ կայացնում իր համար ճակատագրական որոշում. մեկնել հեռավոր երկիր` կոտորածների հետեւանքով որբացած քրիստոնյա երեխաների փրկության գործին մասնակցելու համար: 1911թ. նա ժամանում է Կիլիկիա եւ անցնում աշխատանքի Մարաշի ծնողազուրկ հայ երեխաների համար գերմանացի ավետարանական քարոզիչների կողմից բացված «Բեյթել» որբանոցում` որպես ուսուցչուհի: Այստեղ չորս տարի պաշտոնավարելուց հետո` 1915թ. նա ականատես եղավ երիտթուրք իշխանությունների կողմից իրականացվող հայկական կոտորածերին: 1916-19թթ. Հեդվիգ Բյուլն աշխատել է նույն միսիոներական առաքելությանը պատկանող Հարունիե գյուղի (Մարաշից հարավ) գերմանական որբանոցում: 1918թ. երիտասարդ միսիոներուհին իր գործադրած գերմարդկային ջանքերի շնորհիվ կարողացավ թուրքական աքսորից փրկել որբանոցի սաներին եւ նրանց ազատել վերահաս վտանգից: 1919թ. հաշվի առնելով Կիլիկիայում ստեղծված քաղաքական իրավիճակը` Հ. Բյուլը հարկադրված էր մեկնել Էստոնիա: Սակայն նրա բաժանումը իր սիրելի հայ ժողովրդից երկար չտեւեց:

1922թ. սկսվում է Հ. Բյուլի հայասիրական գրոծունեության երկրորդ փուլը: Նա անդամագրվում է Ստասբուրգ քաղաքում հիմնադրված «Քրիստոնեական առաքելություն Արեւելքի մեջ» ավետարանական մարդասիրական կազմակերպությանը եւ մեկնում Հալեպ: Այդ ժամանակ Սիրիայում կար ավելի քան 160 000 գաղթական, որոնք հիմնականում ապաստան էին գտել Հալեպի Սուլեյմանիե եւ Ռամատանիե արվարձաններում կառուցված հյուղակներում («Հայկական քեմփ») եւ ապրում էին ծայրահեղ աղքատության ու թշվառության մեջ: Կենցաղային տարրական պայմաններից զուրկ հայ գաղթականության շրջանում խիստ տարածված էին վարակիչ զանազան հիվանդություններ, որոնք օրական հարյուրավոր մարդկային կյանքեր էին խլում: Անհրաժեշտ էր շտապ կերպով կազմակերպել հիվանդների փրկության գործը: Հալեպում Հ. Բյուլի նախաձեռնությամբ բացվում է հիվանդանոց, որտեղ աշխատում են Սիրիայի նշանավոր հայ բժիշկները (Ավետիս Ճեպեճյան, Ֆիլիպ Հովնանյան եւ այլն): «Հայկական քեմփ»-ում ապրող հայ գաղթականների վիճակը թեթեւացնելու ուղղությամբ կարեւոր քայլերից մեկը եղավ աշխատատեղերի ստեղծումը: Հ. Բյուլն իր մարաշցի ծանոթների օգնությամբ հիմնում է ջուլհականոց եւ ձեռագործի արհեստանոց: Այստեղ աշխատանք գտան մոտ 500 հայ կանայք եւ աղջիկներ, որոնց ստեղծած կարպետներն ու ձեռագործները վաճառվում էին եվրոպական երկրներում, իսկ ստացված հասույթը տրվում էր հայ կանանց` իրբեւ աշխատավարձ:

Հեդվիգ Բյուլի նախաձեռությամբ Հալեպի տարբեր դպրոցներում սովորող ավելի քան 250 հայ երեխաների համար սահմանվում են կրթաթոշակներ: Նա մշակեց նաեւ երեխաների որդեգրման մի յուրօրինակ ձեւ, որի համաձայն եվրոպական բարերար ընտանիքները պետք է որդեգրեին Հալեպում հաստատված հայ գաղթական ընտանիքի երեխաներից մեկին եւ ամսեկան մեկ ոսկի ուղարկեին որդեգրվածի հարազատներին: Իր կատարած բազմաթիվ հայանպաստ աշխատանքների համար Հ. Բյուլն անչափ սիրված էր Հալեպի հայ համայնքի կողմից, որի համար արժանացել է «Բյուլ Մայրիկ» պատվավոր կոչմանը:

1947թ. աշխարհասփյուռ հայության համար Խորհրդային Հայաստան ներգաղթելու առիթ է ընձեռնվում: Բազմաթիվ սիրիահայեր, այդ թվում նաեւ Հ. Բյուլին հարազատ դարձած մարդիկ, հաստատվում են Մայր հայրենիքում: Հայասեր էստոնուհու նվիրական երազանքն էր իր սիրիահայ բարեկամների հետ բնակություն հաստատել Հայաստանում, սակայն ներգաղթի կոմիտեն մերժում է նրա խնդրագիրը:

Գրեթե 40 տարի իր կյանքն անմնացորդ նվիրելով հայ ժողովրդին` Հ. Բյուլը 1951թ. 64 տարեկան հասակում հեռանում է Հալեպից` այդպես էլ չունենալով սեփական ընտանիքը: Սակայն նա չի կարողանում վերադառնալ հայրենի Էստոնիա, քանի որ այն Խորհրդային Միության կազմում էր, հետեւաբար մուտքի թույլտվություն ստանալն` անհնար: Հ. Բյուլը հաստատվում է Եվրոպայում: Այստեղ նա շարունակում է նամակագրական կապը իր նախկին սաների հետ, որոնք ցրվելով աշխարհով մեկ` չէին մոռանում սիրելի Բյուլ Մայրիկին: Նրանցից մեկին ուղղված նամակում Հեդվիգ Բյուլը գրել էր. «…իմ սիրտը հայ է…»:

1965թ. 78-ամյա Բյուլը կրկին ժամանել է Սիրիա, ապա Լիբանան` մասնակցելու Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին Հալեպում եւ Բեյրութում: Կյանքի վերջին տարիները Հ. Բյուլն անցկացրել է գերմանական ծերանոցներից մեկում: 90-անց զառամյալ կինը` մահվան մահճում պառկած, մոռացել էր այն վեց լեզուները, որոնց նա ազատորեն տիրապետում էր եւ ծերանոցի աշխատակիցների հետ հաղորդակցվում էր միայն իրեն հարազատ դարձած հայերենով: Բյուլ Մայրիկը մահացել է 1981թ. հոկտեմբերի 3-ին` 94 տարեկան հասակում:

2003թ. նրա գերեզմանից բերված հողը ամփոփվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի Հուշապատի մեջ:

Տպել
Ամենաշատ