Պակիստանում, այսօր՝ մայիսի 3-ին, երկրորդ աղմկոտ սպանությունն է տեղի ունեցել: Կարաչիում սպանվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում Ավամիի ազգային կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Սադիք Զաման Հաթթաքը եւ նրա 3 տարեկան որդին:
Ավանդական ուրբաթօրյա աղոթքից հետո նրանց գնդակահարել է անհայտ մոտոցիկլիստը, հաղորդում է Vesti.ru-ն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 3-ի առավոտան, Իսլամաբադում գնդակահարվել է Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտտոյի սպանության գործով պետական մեղադրող Չոդրի Զուլֆիքար Ալին:
Պակիստանի լրատվամիջոցները հայտնում են, որ անհայտ անձը կրակ է բացել Զուլֆիքար Ալիի մեքենայի վրա, վերջինս մահացու վնասվածք է ստացել:
Ինչպես գրում է Lenta.ru-ն, մայիսի 3-ին դատախազը պետք է մասնակցեր Բենազիր Բհուտտոյի սպանության գործով դատաքննությանը: Այդ գործով մեղադրյալներից մեկը Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆն է:
Հիշեցնենք, որ Պակիստանի ընդդիմադիր ժողովրդական կուսակցությունը գլխավորող Բենազիր Բհուտտոն սպանվել է 2007-ի դեկտեմբերին՝ հանրահավաքի ժամանակ: Մահապարտը սկզբում կրակել էր Բհուտտոյի վրա, ապա պայթեցրել իրեն:




























