ՀՀՇ վերածնելու նախաձեռնող խմբի անդամ Կարապետ Ռուբինյանը, մեկնաբանելով ՀՀՇ հ/կ-ի հայտարարությունը, նշեց, որ պատրաստվում են գրողի ծոցը ուղարկել այդ հայտարարությունը: NEWS.am-ի ճշտող հարցին, թե խոսքը որ գրողի մասին է` հայ, թե արտասահմանյան, Կարապետ Ռուբինյանը պատասխանեց. «Իրենց խաթր դասական թող լինի, բայց հայը շատ կլինի, մոնղոլ-թաթար»:
Նա շեշտեց, որ իրենք շարունակելու են հանդես գալ ՀՀՇ անվամբ: Կարապետ Ռուբինյանի խոսքով` այդ հայտարարությունն ուղղված է լրատվամիջոցներին, եւ լրատվամիջոցները իրենք պետք է կողմնորոշվեն, թե ով է ՀՀՇ-ն, իսկ ով ՀՀՇ-ի գերեզմանափորները: «Նրանք ցածրակարգ խորմանակություն են արել` գրանցելով չգործող, ֆիկտիվ մի հասարակական կազմակերպություն, որի անունը չի համընկնում այդ կուսակցության անվան հետ, իրենց նպատակն էլ այդ էր, որպեսզի խոչընդոտեին իրենց համար կանխատեսելի զարգացումները: Թող լրատվամիջոցները կողմնորոշվեն` ովքեր են իրական ՀՀՇ-ն, եւ ովքեր են ՀՀՇ գերեզմանափորները, այդ հգարցը ինձ չի հետաքրքրում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Հայոց Համազգային Շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Վահագն Հայոցյանը հաղորդագրություն է տարածել, որտեղ լրատվամիջոցներին խնդրում է «ՀՀՇ» անվանումը օգտագործել միայն իրենց ՀԿ-ի մասով: Հաղորդագրությունում ասվում է.
«2013թ.-ի մայիսի 14-ի հրապարակումներում լրատվության որոշ միջոցներ, լուսաբանելով մի խումբ մարդկանց մամլո ասուլիսը, օգտագործել են «ՀՀՇ» անվանումը եւ ՀՀՇ խորհրդանշանը:
Ի գիտություն բոլոր լրատվամիջոցների հայտնում ենք հետեւյալը`
1. «ՀՀՇ» անվանումը եւ ՀՀՇ խորհրդանշանը պատկանում են «Հայոց Համազգային Շարժում» հ/կ-ին եւ գրանցված են ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից 26.03.2013թ.-ին (գրանցման համար` 211.171.760952):
2. Առանց «ՀՀՇ» հ/կ-ի համաձայնության «ՀՀՇ» անվանումը եւ ՀՀՇ խորհրդանշանը օգտագործելը համարվում է «Կուսակցությունների մասին» եւ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների խախտում:
Ուստի, խնդրում ենք բոլոր լրատվամիջոցներին իրենց հրապարակումներում եւ հաղորդագրություններում «ՀՀՇ» անվանումը եւ ՀՀՇ խորհրդանշանը օգտագործել միմիայն «ՀՀՇ» հ/կ-ի պաշտոնական հաղորդագրություններն ու հայտարարությունները հրապարակելիս կամ «ՀՀՇ» հ/կ-ի գործունեությանն առնչվող տեղեկատվություն տարածելիս»:
Նշենք, որ ՀՀՇ-ի՝ ՀԱԿ կուսակցության մեջ մտնելուց հետո, նախկին ՀՀՇ-ականներ Ալեքսանդր Արզումանյանը, Արարատ Զուրաբյանը, Կարապետ Ռուբինյանը եւ Հովհաննես Իգիթյանը հայտարարեցին, որ մտադիր են վերածնել ՀՀՇ կուսակցությունը եւ գրանցել այն Արդարադատության նախարարությունում: Նրանք հայտարարել են, որ մինչեւ աշուն կգրանցեն կուսակցությունը եւ համագումար կանցկացնեն:




























