Ավանի հոգեբուժական կլինիկայում չեն բացառում, որ 10 օր առաջ իրենց մոտ տեղափոխված Երեւանի Կոմիտաս 56 հասցեի 115 բնակարանի բնակիչ, 70-ամյա Ամալյա Նազարեթյանը «Իդեալ» խանութի հետ խնդիրներ է ունեցել, բայց վստահեցնում են, որ վերջինս հոգեկան հիվանդ է եւ նրան հոսպիտալացնելու համար Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը չի միջամտել: Հոգեբուժարանի տնօրեն Արեգա Հակոբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ Ամալյա Նազարեթյանը անհանգստացրել է բնակիչներին, ագրեսիվ, ոչ ադեկվատ վարքագիծ է ցուցաբերել, նրանք դիմել են ոստիկանություն, վերջինս էլ` «Շտապօգնություն», եւ հոգեբուժական բրիգադան, որի մեջ կա նաեւ հոգեբույժ, նայել է կնոջը ու որոշել, որ բնակիչը հոգեկան հիվանդ է եւ կարիք կա տեղափոխել հիվանդանոց:
Տնօրենի խոսքով` կնոջը բերել են իրենց հոգեբուժարան, որտեղ հերթապահ բժիշկը զննել է եւ նույն որոշումն է ընդունել` «նա հոգեկան հիվանդ է եւ կարիք ունի բուժման»: Ամալյա Նազարեթյանը չի տվել իր համաձայնությունը, բայց նրան հոսպիտալացրել են, ինչը կոչվում է «ոչ հոժարական հոսպիտալացում»:
Համաձայն 2004թ ընդունված «Հոգեբուժական օգնության մասին» օրենքին` եթե անձը ոչ հոժարակամ է հոսպիտալացվում, ապա 72 ժամվա ընթացքում երեք հոգեբույժով հոգեբուժական վկայարկում են իրականցնում, որի նպատակն է պարզել` քաղաքացին ունի՞ հոգեկան խանգարում, թե՞ ոչ, եւ եթե ունի, ապա շրջապատի համար վտանգ ներկայացնո՞ւմ է այն, թե՞ ոչ: Արեգա Հակոբյանը նշեց, որ վկայարկման արդյունքում պարզվել է, որ «կինը հոգեկան հիվանդ է եւ կարիք ունի հարկադրական բուժման, քանի որ վտանգ է ներկայացնում շրջապատի նկատմամբ, նրա մոտ հայտնաբերվել է զառանցական համախտանիշ, սուր-հոգեշարժական գրգռվածություն է, զառնացաբար մեկնաբանում է շրջապատը, հետեւաբար գործողություններ կարող է կատարել, որոնք վնաս կարող են հասցնել շրջապատին, այսինքն` ագրեսիվ վարքագիծ է դրսեւորում»: Դրանից հետո նրանք դիմել են դատարան, դատական նիստ է անցկացվել եւ դատավճիռ է կայացվել, ըստ որի` այդ անձը վտանգ է ներկայացնում եւ կարիք ունի հարկադրաբար բուժման Ավանի հոգեբուժական կլինիկայում:
Տնօրենը նշեց, որ ինքը երկու անգամ մտել է համայցի, տեսել է այդ հիվանդին, եւ նրա մոտ որեւէ կասկած չի առաջացրել: «Ես չգիտեմ` հարեւանները ինչ են ասում, իրենց կարծիքը, իհարկե, նշանակություն ունի մեզ համար որոշումը կայացնելիս, բայց դա երկրորդական, երրորդական նշանակություն ունի, առաջնային որոշումը հարկադրական բուժման վերաբերյալ կայացվում է` ելնելով անձի հոգեկան վիճակից եւ դիմելով դատարան: Մենք հոգեբույժներով զննել ենք, դատավորը եւս այն կարծիքին է, որ նա կարիք ունի հարկադրական բուժման: Միգուցե նաեւ այնտեղ խնդիրներ կան սոցիալական, Ներսիկ Նազարյան է, չգիտեմ ինչ է, այնպիսի երկրում ենք ապրում, որ չգիտեմ` ինչ կարող է լինել, տարածք են վերցնում, էս են անում, էն են անում, էս կինն էլ, քանի որ զգայուն է, ավելի արտահայտված ռեակցիաներ է տվել, դա կարող է լինել, բայց այն, որ ինքը հոգեկան հիվանդությամբ տառապում է եւ վտանգ է ներկայացնում, երկրորդ կարծիք լինել չի կարող»:
Տնօրենի փոխանցմամբ` Ամալյա Նազարեթյանը գնացել է, առավոտյան 6-ին տարածքի սրճարանում սեղաններ է շուռ տվել, «ասել, թե ինչի եք հավաքվել իմ տան պատուհանների տակ, իրեն գազով «թույնում» են, բնակարանն են ուզում վերցնել իր մեռնելուց հետո»: Նա նաեւ պատմեց, որ երբ մտել է բաժանմունք, իրեն առաջին անգամ տեսնելիս կինը ասել է, թե «այ, դու ինձ խփեցիր աչքիս, աչքս հանեցիր, սրիկայի մեկը, դու եկար մեր տուն, անեծքներ է ասում»:
Հարցին, թե գուցե կինը խնդիրներ է ունեցել իր տան ներքեում գտնվող «Իդեալ» խանութի հետ եւ դրա համար են նրան հոսպիտալացրել, նա պատասխանեց. «Ես նման բան չգիտեմ, իրենից հենց հարեւաններն են բողոքել կարող է նրանց մի մասն էլ հիմա կանգնել են եւ մի այլ բան են ասում, դա իրավապահ մարմինների խնդիրն է, ինչ են անում, ինչ են ուզում ձեռից վերցնեն, մենք իրեն մեր մոտ չենք պահելու ընդմիշտ, որ իր ձեռից ինչ-որ բան վերցնեն, հենց որ վիճակը կարգավորվի, նույն օրը դուրս ենք գրելու եւ ուղարկենք իրենց տուն»:
Դեռ հայտնի չէ` կինը քանի օր կմնա հոգեբուժարանում, դա կախված է նրա ապաքինման ընթացքից, թե երբ շրջապատի նկատմամբ իր վտանգը կնվազի: Այժմ Ամալյա Նազարեթյանը հոգեմետ դեղեր է ընդունում, գտնվում է սուր վիճակում, նույնիսկ հարձակվել է բժշկի, աշխատակցի վրա: Նրան հոգեբուժարանում տեսության է եկել քույրը, որը, տնօրենի փոխանցմամբ, «մի քիչ ոչ ադեկվատ վերաբերմունք ունի, ասում է` իմ քույրը առողջ է, ինչի եք պահել այստեղ»: Կնոջ մյուս քույրը, Ագնեսա Հակոբյանի փոխանցմամբ, «ավելի զուսպ է, նայեց նրան, ասաց` էս ինչ է եղել իմ քրոջը, լրիվ գժվել է, ինքը կարգին կին էր, ինչ վիճակում է, էս ինչ է դարձել»:
Դիտարկմանը, թե միգուցե մինչ դուք կնոջը պահում եք հոգեբուժարանում, որ «Իդեալ» խանութի վերցնի նրա տունը, նա նշեց, թե «ոնց կարող է նման բան լիներ, անհնար է, որ խանութը մարդուց տուն վերցնի, ոնց կարող է հոգեկան հիվանդը գա 20 օր մնա հիվանդանոցում եւ գնա տեսնի տուն չունի, դա չի կարող լինել, կարող է այնտեղ կոնֆլիկտ կա «Իդեալի» հետ, բայց տունը այդպես չեն կարող նրա ձեռքից ափաշկարա վերցնել»:
Հարցին` արդյոք այս ամբողջ պատմությունը եւ կնոջ հոսպիտալացնելը Երեւանի նախկին ոստիկանապետ, «Իդեալի» սեփանակատերերից Ներսես Նազարյանի պատճառով է եղել, նա արձագանքեց. «Ներսես Նազարյանը ինձ չի զանգել, եւ եթե զանգ էլ տար, ես ձեզ վստահեցնում եմ ամենայն պատասխանատվությամբ, ով էլ ուզում է լինի, որեւէ մեկը ինձ չի կարող թելադրել, որ ես առողջ հիվանդին երկար պահեմ, կամ հիվանդին առողջ գրեմ եւ դուրս գրեմ, դա անհնար է, ամենայն պատասխանատվությայմբ հայտարարում եմ` նունիսկ երկրի ամենբարձր մարդը»:
Նշենք, որ «Հայկական ժամանակը» «37 թվական. «Ապահով Հայաստան»» վերնագրի ներքո անդրադարձել էր մի արտառոց պատմության: «Արդեն մոտ 10 օր է` Երեւանի Կոմիտաս 56 հասցեի 115 բնակարանի բնակիչ, մոտ 70-ամյա Ամալյա Նազարեթյանը գտնվում է Ավանի հոգեբուժական կլինիկայում: Այն, ինչ տեղի է ունեցել Ամալյա Նազարեթյանի հետ, 37-թվի ստալինյան ռեպրեսիաները կամ ժամանակակից հոլիվուդյան Ֆիլմերի սարսափ սյուժեներն է հիշեցնում: Նախօրեի երեկոյան «Հժ»-ն ահազանգ ստացավ շենքի բնակիչներից մեկից, որ իրենց հարեւանուհուն ինտելիգենտ, նախկինում ուսուցչուհի, բոնի ուժով տեղափոխել են հոգեբուժարան: Զանգահարած երիտասարդ կինը խոսելու ընթացքում ծայրահեղ հուզված էր եւ օգնություն էր աղերսում: Բանն այն է, որ Նազարեթյանի բնակարանը զբաղեցնում է նույն շենքի աոաջին հարկում գտնվող «Իդեալ» խանութի երկրորդ հարկը: Եվ ահա, ըստ հարեւանուհու, խանութի տերերը որոշել են շինարարական փոփոխություններ կատարել աոաջին եւ երկրորդ հարկերի միջեւ: Ամալյա Նազարեթյանը որպես բնակիչ դեմ է եղել: Բավական երկար ժամանակ նրա եւ խանութի ներկայացուցիչների միջեւ լարված հարաբերություններ են եղել, քանի որ Նազարեթյանը խնդրով պարբերաբար դիմել է ոստիկանություն: Եվ ահա, օրերից մի օր այս հարեւանուհուն է մոտեցել թաղային ոստիկանը ձեռքին մի թուղթ եւ հորդորել ստորագրել այդ թղթի տակ առ այն, որ Ամալյա Նազարեթյանը հոգեկան խնդիրներ ունի: Հարեւանուհին հրաժարվել է ստորագրել, քանի որ այդ կինը հոգեկան խնդիրներ չի ունեցել: Ըստ նրա տեղեկությունների, հարեւաններից որեւէ մեկը չի ստորագրել թղթի տակ: Իսկ արդեն մի քանի օր անց նրանք ականատես են եղել, թե ինչպես է մի մեծ մեքենա կանգնել շենքի բակի տաղավարի մոտ, վեճի ձայներ են լսվել, Ամալյա Նազարեթյանը տարածքում գտնվող շենքի հավաքարարուհուն խնդրել է ասել, որ ինքը հոգեկան հիվանդ չէ. ապա նրան բռնի ուժով դրել են մեքենան ու տարել: Ավելի ուշ հարեւանները պարզել են. որ նրան տեղափոխել են հոգեբուժարան:
«Իդեալ» խանութների ցանցը կապվում է Երեւանի արդեն նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի անվան հետ: Եթե այսօր նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, առողջապահության նախարարը, ոստիկանների շեֆ Վլադիմիր Գասպարյանը, հանրապետության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը, հարկադիր բուժման որոշում կայացրած դատավորը բոլորը միասին չգնան եւ Ամալյա Նազարեթյանի ձեռքից բռնած, իսկ ավելի ճիշտ սեփական ձեռքերում գրկած դուրս չհանեն այդ վայրից, հույս ունենք իրենց ծնած մայրերի աչքերին ամեն անգամ նայելիս կհիշեն իրենց համատեղ ջանքերով հոգեբուժարանում տառապող միայնակ, անզավակ Ամալյա Նազարեթյանին: Եթե մոռանան, մենք պարբերաբար կհիշեցնենք»:
Ինգա Մարտինյան




























