Վրաստանում ճշտում են YouTube-ում հայտնված թալիբների սպառնալիքներով տեսանյութի իսկությունը, որտեղ Վրաստանին սպառնում են Աֆղանստանի գործողություններին մասնակցելու համար: Իրավապահներն ուսումնասիրում են տեսագրությունը:

Սոցհարցերքում քննարկվում է Աֆղանստանում Վրաստանի հետագա ներկայության նպատակահարմարության հարցը:

«Թալիբյան ջիհադ՝ ընդդեմ Աֆղանստանում վրացական զորքերի» անվանմամբ տեսանյութը YouTube-ում հունիսի 5-ին տեղադրել է Hammad Zaman օգտատերտը: Դրանում ասված է, որ այդ տարածքը գրավել փորձող «խաչակիրներին» պատժել է Ալլահը, իսկ վրացի զինծառայողներն անվանվում են «նոր խաչակիրներ Վրաստանից», նաեւ նշվում է, որ նրանց նույն ճակատագիրն է սպասվում:

Տեսանյութում ցուցադրվում են նաեւ սպանված խաչակիրներ, խորհրդային զինվորներ, հետո՝ Աֆղանստանում զոհված վրացի զինվորներ: Վերջում սպառնալիքներ են հնչում Վրաստանի բնակչության եւ նախագահի հասցեին:

Տեսանյութը բազմաթիվ հարցեր է առաջացրել: Նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովի խոսքով՝լուրջ կասկածներ կան, որ դրա հեղինակը թալիբները չեն: