News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լրագրող, հեռուստահաղորդավար Արմեն Դուլյանին աշխատանքից ազատել են իր ֆեյսբուքյան գրառման պատճառով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Դուլյանը: Նրա խոսքով՝ երեկ, հունիսի 10-ին, հեռուստատեսության ղեկավարությունը տեղեկացրել է, որ ինքն այլեւս աշխատանքի չգա, քանի որ նրան աշխատանքից ազատելու որոշում է  կայացվել:

Աշխատանքից ազատելու պատճառն էլ  ֆեյսբուքյան գրառումն է: Գրառման մեջ նա անդրադարձել է այն փաստին, որ Ռուսաստանում Հանրային հեռուստատեսությամբ, որը նոր է ստեղծվել, թույլ չեն տվել  հումորի ժանրում անդրադառնալ Պուտինի ապահարզանի թեմային: «Ես զուգահեռներ էի անցկացրել եւ կարծիք հայտնել, որ Հայաստանում նույն իրավիճակն է եւ այն չինովնիկները, հեռուստապատասխանատուները, որոնք զբաղվում են այդ հարցով մոտավորապես նույն նեղմիտ, սահմանափակ մտածողությունն ունեն, ինչ-որ Ռուսաստանում: Այսինքն` պետք է չէ զարմանալ: Չգիտես ինչու հեռուստատեսության ղեկավարությունը, որը ինձ համար շշմեցուցիչ էր, դա իր վրա էր վերցրել, որը պարզապես տարօրինակ էր: Մինչեւ հիմա շոկի մեջ եմ: Ինչպես կարող է հեռուստատեսության ղեկավարությունը կարծել, որ ես որպես աշխատող, փող ստացող մի ընկերությունից, կարող եմ նման վիրավորական բան ասել հեռուստատեսության ղեկավարության մասին: Խոսքը նրա մասին էր, որ իշխանական մարմինները վերահսկում են բոլոր հեռուստատեսությունները ինչպես մեզ մոտ, այնպես էլ՝ Ռուսաստանում: Ես նրանց էի քննադատում, բայց երբ ես իմացա, որ մեր հեռուստատեսության ղեկավարներն իրենց վրա են վերցնում, պարզապես մինչեւ հիմա շոկի մեջ եմ»,-ասաց Դուլյանը:

Հարցին, թե փորձե՞լ է  բացատրել, որ իրեն սխալ են հասկացել, նա պատասխանեց. «Դե ինձ զանգել էր լրատվական ծառայության ղեկավարը, որին ես փորձեցի բացատրել, որ բոլորովին «Շանթի» տնօրենին նկատի չեմ ունեցել եւ դա լրիվ աբսուրդ է, թե ինչպես կարելի է, որ մարդն աշխատի, փող ստանա մի տեղից եւ հրապարակայնորեն սկսի քննադատել, վիրավորական խոսքեր ասել նույն ընկերության մասին: Ես հիմա էլ մտադիր չեմ նման բաներ ասել «Շանթի» ղեկավարության մասին»:

Դիտարկմանը, թե նշանակում է, որ «Շանթի» ղեկավարությունը ուշի-ուշով հետեւո՞ւմ է իր աշխատակիցների ֆեյսբուքյան, բոլոր գրառումներին, Դուլյանն արձագանքեց. «Դե դա իրենց պետք է  ասեք, ես նման բան չեմ կարող ասել: Ես չեմ կարծում, որ ես այնքան կարեւոր մարդ եմ, որպեսզի իմ բոլոր ֆեյսբուքյան գրառումներին հեռուստատեսության ղեկավարը հետեւի: Դժվար թե»:

Անդրադառնալով իր հետագա գործունեությանը, լրագրողն ասաց. «Ես պատրաստվում եմ պաշտոն ստանալ, քանի որ Հայաստանի երկրորդ նախագահը չստանձնեց ամենաերիտասարդ թոշակառուի պաշտոնը, ես կարծում եմ, որ նա դա թողեց ինձ համար: Ես էլ հիմա որոշել եմ ստանձնել այդ պաշտոնը: Ուրիշ որեւէ բան չունեմ:

Առայժմ ես աշխատանքի որեւէ առաջարկ չունեմ եւ գտնվում եմ գործազուրկի կարգավիճակում: Ես գիտեմ, որ ՀՀԿ-ականները 3 խնդիր են դրել վերացնել գործազրկությունը, արտագաղթը եւ աղքատությունը: Հիմա ես գտնվում եմ կառավարության ուշադրության կենտրոնում որպես գործազուրկ եւ զգում եմ կառավարության ողջ ուշադրությունն իմ նկատմամբ»:

«Շանթ» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար Աղաս Հունանյանը հրաժարվեց պատասխանել, թե ինչու է աշխատանքից ազատվել Արմեն Դուլյանը, միայն նշելով, որ Դուլյանն աշխատանքից ազատվել է հեռուստաընկերության հանդեպ անհարգալից վերաբերմունքի պատճառով:

Նշենք, որ Արմեն Դուլյանն ֆեյսբուքի իր  էջում, մասնավորապես, գրել  էր.

«Բայց ինչ նման ենք...

Ռուսաստանի նորաստեղծ Հանրային հեռուստատեսությունը որոշել էր երեկվա եթերում կատակել Վլադիմիր Պուտինի ապահարզանի կապակցությամբ, բայց հաղորդումը անմիջապես էլ հանվել է... Ինչպես կարելի է կատակել նախագահի վերաբերյալ՝ դա պետական հեղաշրջման նման մի բան է... Բայց ինչ նման են ռուսաստանցի եւ հայաստանցի հեռուստապատասխանատուները իրենց պրիմիտիվության մակարդակով...»:

Տպել
Ամենաշատ