Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հայրը` Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը ի վիճակի չէ ոչ բացատրություն, ոչ էլ հաղորդում տալու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:
Նա նշեց, որ Սամվել Սարգսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ի վիճակի չէ ոչ բացատրություն, ոչ էլ հաղորդում տալու եւ որեւէ հաղորդում չի տվել: «Առողաջական վիճակից ելնելով` նա ուղղակի ի վիճակի չէ ոչ հաղորդում տալու, ոչ էլ բացատրություն գրելու, իր վիճակը ծանր է, բժիշկներն էլ համապատասխան փաստաթղթեր են տվել, որ ինքը հիմա ի վիճակի չէ»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Ինչ վերաբերում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու մասին փաստաբանի գրությանը, ապա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Նշենք, որ Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը ասել էր, թե Սամվել Սարգսյանը հրաժարվել է հաղորդում ներկայացնել Վարդան Ղուկասյանի դեմ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 16-ին, կայացել է Կարեն Եսայանի սպանության գործով հերթական դատական նիստը, որի ժամանակ միջադեպ է արձանագրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը: «Վարդան Ղուկասյանը արհամարհական էր պահում իրեն, վիրավորական արտահայտություն էր թույլ տալիս մեր հասցեին, հարցաքննության կեսից շուռ եկավ եւ դուրս եկավ դատարանի դահլիճից` վիրավորելով մեզ: Դատարանից դուրս գալուց նրանցից մեկը հարվածել է Հարություն Սարգսյանի հոր` Սամվել Սարգսյանի ոտքին, մենք տեսանք կոշիկի փոշու հետքերը: Սամվել Սարգսյանը դատարանից «Շտապօգնության» մեքենայով տեղափոխվեց հիվանդանոց, այժմ Վերակենդանացման բաժանմունքում է, սրտի հետ խնդիրներ ունի»,- հայտնել էր փաստաբանը: Լուսինե Սահակյանը նշել էր, որ իրենք միջնորդություն են ներկայացրել Վարդան Ղուկասյանին կանչել դատարան եւ շարունակել հարցաքննությունը: Միջնորդել են նաեւ, որ դատարանը հաղորդում ներկայացնի հանցագործության մասին, սակայն վերջինս ոչինչ չի ձեռնարկել, եւ Լուսինե Սահակյանը ինքն է հաղորդում ներկայացրել Շիրակի մարզի դատախազին, որպեսզի քրեական գործ հարուցեն ՔՕ-ի 343-րդ հոդվածի հատկանիշներով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք):




























