Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հայրը` Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը հրաժարվել է հաղորդում ներկայացնել Վարդան Ղուկասյանի դեմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գյումրի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի միջեւ օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի գործով փաստաբան Լուսինե Սահակյանի դատախազություն ուղարկված գրությունը ուղարկվել էր Շիրակի ոստիկանության քննչական բաժին, որտեղ նյութեր են նախապատրաստվում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 16-ին, կայացել է Կարեն Եսայանի սպանության գործով հերթական դատական նիստը, որի ժամանակ միջադեպ է արձանագրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը: «Վարդան Ղուկասյանը արհամարհական էր պահում իրեն, վիրավորական արտահայտություն էր թույլ տալիս մեր հասցեին, հարցաքննության կեսից շուռ եկավ եւ դուրս եկավ դատարանի դահլիճից` վիրավորելով մեզ: Դատարանից դուրս գալուց նրանցից մեկը հարվածել է Հարություն Սարգսյանի հոր` Սամվել Սարգսյանի ոտքին, մենք տեսանք կոշիկի փոշու հետքերը: Սամվել Սարգսյանը դատարանից «Շտապօգնության» մեքենայով տեղափոխվեց հիվանդանոց, այժմ Վերակենդանացման բաժանմունքում է, սրտի հետ խնդիրներ ունի»,- հայտնել էր փաստաբանը: Լուսինե Սահակյանը նշել էր, որ իրենք միջնորդություն են ներկայացրել Վարդան Ղուկասյանին կանչել դատարան եւ շարունակել հարցաքննությունը: Միջնորդել են նաեւ, որ դատարանը հաղորդում ներկայացնի հանցագործության մասին, սակայն վերջինս ոչինչ չի ձեռնարկել, եւ Լուսինե Սահակյանը ինքն է հաղորդում ներկայացրել Շիրակի մարզի դատախազին, որպեսզի քրեական գործ հարուցեն ՔՕ-ի 343-րդ հոդվածի հատկանիշներով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք):




























