Սիրիայում քիմիական զենքը գրոհայինների դիրքերից է կիրառվել: Այս մասին ասված է Սիրիայում թունավոր քիմիական նյութերի կիրառման մասին լուրերի առթիվ  ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանությունում:

«Կառավարական զորքերը վերջին օրերին ակտիվ գործողություններ են իրագործել  գրոհայինների դեմ, այդ թվում` Դամասկոսի արեւելյան արվարձանում: Օգոստոսի 21-ի վաղ առաոտյան այդ հատվածում գրոհայինների զբաղեցրած դիրքերից ինքնաշեն հրթիռ է արձակվել` ս/թ. մարտին Խան ալ Ասալում արձակված հրթիռի նմանակը` առայժմ չճշտված թունավոր քիմիական նյութով», - հայտարարել է ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչի Ալեքսանդր Լուկաշեւիչը:

Նա ընդգծել է, որ «կողմնակալ տարածաշրջանային լրատվամիջոցներն» իսկույն սկսեցին հարձակողական տեղեկատվական գրոհը` ամբողջ պատասխանատվությունը բարդելով կառավարության վրա: «Այս ամենն ակնհայտ մատնանշում է ամեն գնով ՄԱԿ-ի ԱԽ-ին ընդդիմադիրների կողմն անցնելու պահանջների առաջադրման պատրվակ ստեղծելու եւ դրանով Ժնեւյան կոնֆերանս հրավիրելու հնարավորությունը տապալելու փորձը», - ասած է հայտարարությունում: Մոսկվայում կարեւոր են համարում կատարվածի մասնագիտական եւ անկողմնակալ հետաքննությունը:

Օգոստոսի 21-ին մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին Սիրիայի կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման մասին, ինչը հերքել էին Սիրիայի իշխանությունները եւ ռազմական հրամանատարությունը: 

Նախօրեի երեկոյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այս հարցով արտակարգ նիստ էր հրավիրել, որի ընթացքում «լուրջ մտահոգություն» էր հայտնել:

Անվտանգության խորհրդի անդամները պահանջել էին անհապաղ թույլատրել քիմիական ենթադրյալ հարձակման ենթարկված գոտի մեկնելը` մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, նաեւ հերթական անգամ կողմերին զինադադարի կոչ էին արել:

Միաժամանակ, Անվտանգության խորհուրդը զերծ էր մնացել կատարվածի պատասխանատվությունը կողմերից մեկի վրա դնելուց` նշելով, որ նախքան դա հարկավոր է հստակեցնել տեղի ունեցածը եւ հետագա քննություն անցկացնել, հայտնում է lenta.ru-ն:

Այս պահին Սիրիայում է գտնվում ՄԱԿ-ի փորձագետների հանձնաժողովը, որը հետաքննում է քիմիական զենք կիրառելու դեպքերը: Հանձնաժողովն աշխատանքը սկսել է օգոստոսի  20-ից: