«Արմենիա Թուդեյ» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը քիչ առաջ դուրս է եկել Հատուկ քննչական ծառայությունից: Նա դատախազության շենքի մոտ հավաքված լրագրողներին ասել է, որ բացարկ է հայտնել գործով քննիչին: Նա նշել է, որ իր ցուցմունքը գրավոր կուղարկի ՀՔԾ, իսկ այժմ բացարկ է հայտնել, քանի որ նախաքննական մարմինը հրաժարվում է թույլատրել իր փաստաբաններին մասնակցել հարցաքննությանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հատուկ քննչական ծառայությունում առանց որեւէ պատճառաբանության թույլ չեն տալիս, որ Արգիշտի Կիվիրյանը հարցաքննվի իրեն սատարող փաստաբանների հետ: Արգիշտի Կիվիրյանին պաշտպանելու էին եկել ավելի քան 3 տասնյակ փաստաբաններ, իսկ նրան սատարելու հայտարարությանը միացել են 150-ից ավելի փաստաբաններ:
Կիվիրյանի խոսքով, քննիչը որեւէ փաստարկ, օրենքի դրույթ չի նշել, թե ինչու է խոչընդոտում փաստաբանների ներկայությանը: Այժմ Արգիշտին մեկ փաստաբանի հետ բարձրանալու է վերեւ, եւ ներկայացնելու է 30 փաստաբանի ցուցակ՝ պահանջելով, որ ապահովվի անցաթուղթ բոլոր փաստաբանների համար:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը հետաձգել էր Կիվիրյանի հարցաքննությունը, քանի որ ֆիզիկապես ի վիճակի չէր եղել պատշաճ պայմաններ ստեղծել հարցաքննության համար: Կիվիրյանին պաշտպանելու մտադրություն է հայտնել 150-ից ավելի փաստաբան:
Հիշեցնենք, որ Կիվիրյանը օգոստոսի 24-ին բերման էր ենթարկվել Կոմիտաս 5 հասցեից եւ դաժան ծեծի էր ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից: Կիվիրյանին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ նրա մոտ գլխուղեղի ցնցում էին ախտորոշել:
Ոստիկանությունը իր աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն քրգործ էր հարուցել Արգիշտի Կիվիրյանի դեմ: ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի դասակի հրամանատար Վահան Վրթանեսյանը զեկուցագիր էր գրել, իբր Երեւանի Կոմիտաս 5 հասցեի մոտ ծառայություն իրականացնելիս՝ նույն փողոցի երթեւեկելի մասն ազատելու ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանության ավտոմեքենայով Ա.Կիվիրյանին ոստիկանության բաժին տանելու ժամանակ վերջինս հայհոյել եւ բռունցքով հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Դեպքի առթիվ ոստիկանության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ)։





























