Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հաստատել է, որ Հայաստանն արտասահմանում ներկայացնելու առաջարկ է ստացել: Այս մասին նա ասել է Yerkir.am-ի հետ զրույցում:
«Այո, ես ստացել եմ Հայաստանն արտասահմանում ներկայացնելու առաջարկ: Առաջարկն ուղղված է ինձ անձնապես, ոչ թե Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: Սա կուսակցության հետ համագործակցելու կամ ինչ որ նոր դաշինք կազմելու առաջարկ չէ: Կրկնում եմ՝ առաջարկն արված է ինձ անձնապես եւ իմ կողմից եղել է ընդունելի: Բնականաբար, սակայն հարցը ներկայացրել եմ կուսակցությանը եւ կուսակցությունը եւս տվել է իր համաձայնությունը»,- ասել է Վահան Հովհաննիսյանը:
ՀՅԴ խմբակցության պատգամավորը նշել է նաեւ, որ իր համար այս առաջարկության մեջ արտառոց որեւէ բան չկա, վերջին երեք տարիներին աշխատում է արտաքին հարաբերությունների ասպարեզում, մինչեւ վերջերս ղեկավարելով Հայաստանի Խորհրդարանի պատվիրակությունը Եվրանեսթ Պառլամենտական Վեհաժողովում, իսկ ներկայումս հանդիսանալով այդ միջազգային կառույցի փոխնախագահ: «Ես նախկինում էլ ակտիվորեն ներգրավված եմ եղել խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում, 2000-ականների սկզբին դառնալով ՆԱՏՕ-ի ԽՎ-ում առաջին պատվիրակության ղեկավարը, հետագայում ղեկավարելով մեր պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ-ում եւ հանդիսանալով հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ: Սակայն շեշտում եմ հատկապես վերջին երեք տարիները, քանի որ Հայաստանի եվրոինտեգրացման քաղաքականության պայմաններում Եվրանեսթի աշխատանքը դարձել է ամենօրյա լիարժեք դիվանագիտական աշխատանք: Եվ չնայած բավականին ոչ նպաստավոր պայմաններին, որ ստեղծվել են մեզ համար ՎՈՒԱՄ երկրների պատվիրակությունների կողմից, մեր պատվիրակությունը, մինչեւ այժմ արձանագրել է լուրջ հաջողություններ: Սխալվում են նրանք, ովքեր կարծում են թե խորհրդարանական դիվանագիտությունը տրամագծորեն տարբերվում է պաշտոնական դիվանագիտությունից: Ըստ էության այս երկուսը ընթանում են զուգահեռաբար եւ չնայած մասնավոր առանձնահատկություններին նույն գործի տարբեր ճակատներն են ու չեն կարող միմյանց հակասել: Այլ կերպ կարող են կարծել մասնավորապես նրանք, ում համար միջազգային բեմերը Հայաստանում սեփական անկարողությունը քողարկող եւ երկրի վրա ցեխ լցնող ելույթների ասպարեզ է միայն: Ես դրանց թվին չեմ պատկանում»,- ասել է պատգամավորը:
Վահան Հովհաննիսյանը շեշտել է, որ արված առաջարկն ունի գործնական բնույթ եւ չի հանդիսանում իր քաղաքական հայացքների փոփոխությունների հետեւանք, հետեւաբար չի կարող դառնալ նմանատիպ փոփոխության պատճառ: «Մյուս կողմից այս առաջարկն անողը վստահորեն քաջատեղյակ է եղել իմ հայացքներին եւ իր համար եւս խնդիր չի առաջացել: Նշանակում է, որ այս հարցում չի լինելու հակասություն, առավել եւս դիրքորոշումները վերանայելու խնդիր»,- ավելացրել է նա:
Նշենք, որ տեւական ժամանակ է լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում ՀՅԴ անդամների տարբեր երկրներում դեսպաններ նշանակվելու մասին,որոնք սակայն, որեւէ կերպ չէին մեկնաբանվում դաշնակցականների կողմից:
Մանրամասներն` yerkir.am-ում
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























