Հայաստանը մտադիր է Միանալ Մաքսային միությանը եւ մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձեւավորմանը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է աջակցել այդ գործընթացին: Այս մասին ասվում է Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում նախագահների համատեղ հայտարարությունում, գրում է Կրեմլը:

«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Հայաստանի՝ Մաքսային Միություն մտնելու եւ այդ ուղղությամբ համապատասխան պրակտիկ քայլեր ձեռնարկելու որոշման եւ հետագայում Եվրասիական տնտեսական միության ձեւավորմանը մասնակցելու մասին»,-ասվում է երկու նախագահների համատեղ հայտարարությունում՝ բարձրագույն մակարդակում բանակցություններից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Հանդիպման ընթացքում եւս մեկ անգամ ընդգծվել է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար արտաքին տնտեսական գործընկերն է, հայկական տնտեսությունում ռուսական ներդրումները գերազանցում են ընդհանուր ներդրված կապիտալի 50 տոկոսը:

Հանդիպման արդյունքում նախագահները նշել են, որ Մոսկվան ու Երեւանը ինտեգրացիոն կառույցներում կառուցողական համագործակցոություն են իրականացնում:

Հիշեցնենք, ու Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ Մաքսային միության վերաբերյալ որոշումը կայացվել է 2006թ օգոստոսին՝ ԵվրԱզԷՍ-ի ոչ ֆորմալ գագաթաժողովի ընթացքում: