Հայաստանի կառավարության նիստին շտապող կառավարության անդամներն ու փոխնախարարներն, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, հիմնականում խուսափեցին մեկնաբանել Մաքսային միությանն անդամագրվելու մասին լրագրողների հարցերը: Միայն ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանն ասաց, որ 2 ամիս առաջ արտահայտել է իր դրական կարծիքը, երբ ելույթ է ունեցել ՀՀ Ազգային Ժողովում:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանն ինչպես միշտ անհասանելի էր, սակայն տեղում բողոքի ակցիա իրականացնող անձանցից մեկին ասաց. «Ի՞նչ ես գոռում, այ ոչխար»: Մինչ այդ ցուցարարը դիմել էր լրագրողներին՝ իզուր չնկարահանել կառավարության անդամներին՝ կադրերը չփչացնելու համար:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը զայրացած էր եւ լրագրողներին հրահանգեց իրեն չանհանգստացնել քայլելիս:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողների հարցադրմանն արձագանքեց միայն քմծիծաղով: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ասաց, որ շտապում է եւ հեռացավ: