Այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը միջամտեց Եգիպտոսի ներքին գործերին, միլիոնավոր եգիպտացիներ իրենց զայրույթը հայտնեցին Թուրքիայի ու նրա վարչապետի նկատմամբ: Եգիպտական թերթերը լցվեցին հակաթուրքական հոդվածներով ու մեկնաբանություններով: Տասնյակ հոդվածներում քննարկվում էր Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ժխտումը եւ կոչեր էին հնչում Եգիպտոսի նոր իշխանություններին ճանաչել այն: Կոչեր եղան նաեւ Կահիրեում ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձանի կառուցման մասին, ինչպես նաեւ հայ զոհերին թուրք իշխանությունների կողմից փոխհատուցում վճարելու մասին:
Ինչպես գրում է «Asbarez»-ը, Եգիպտոսի ազգային ճակատի ինստիտուտի ղեկավար, փաստաբան Մուհամադ Սաադ Հայրալան աննախադեպ քայլ է կատարել. Հայց է նարեկայացրել, որով Թուրքիային մեղադրում է հայերի ցեղասպանության մեջ: Հայրալան, ինչպես նաեւ Կահիրեի համալսարանում միջազգային իրավունքի դոկտոր-պրոֆեսոր Այման Սալաման վերջերս հրավիրվել էին ONTV հեռուստաալիք, Լիլիան Դաուդի «Աս-սուրա ալ-քամիլա»(«Ամբողջական պատկեր») թոք-շոուին մասնակցելու համար: Հեռախոսով շոուին էին մասնակցում Էրդողանի իսլամիստական Արդարություն եւ զարգացում կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի անդամ Ռեսուլ Թոսունը, ինչպես նաեւ «The California Courier» հրատարակիչ Հարութ Սասունյանը:
Պրոֆեսոր Սալաման լսարանին տեղեկացրեց, որ թուրքական ռազմական տրիբունալը 1919թ.-ին մեղադրանք է ներկայացրել հանցագործների դեմ, ովքեր պատասխանատու էին հայոց ցեղասպանության համար: Նա նշել է, որ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը 1915թ.-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով նախազգուշացրել են, որ պատասխանատվության կենթարկեն թուրք առաջնորդներին, ովքեր պատասխանատու են հայերի զանգվածային սպանության ու «մարդկության ու քաղաքակրթության դեմ հանցանքի համար»:
Հայրալան նշել է, որ եգիպտոսում հայերի ցեղասպանության հարցի բարձրացումը վաղուց առկա է եւ քաղաքական ենթատեքստ չունի: Նա հույս է հայտնել, որ իր հայցի կստիպի Եգիպտոսին օրինակ դառնալ մյուս արաբական երկրների համար հայերի ցեղասպանությունը ճանաչելու գործում: Նա հայտարարել է, որ իր հայցը եգիպտական դատարանը կքննարկի նոյեմբերի 5-ին:
Թուրքիայի խորհրդարանի նախկին անդամ Ռեսուլ Թոսունը շոուի ընթացքում հեռախոսով ելույթ ունեցավ, արագ իր դեմ տրամադրեց հանդիսատեսին, երբ Եգիպտոսի ներկայիս իշխանությունների հայտարարեց ոչ լեգիտիմ, ուստի նրա կողմից ներկայացված հայցը օրենքի ուժ չունի: հետո նա իր ղեկավարների պես շարունակեց հերքել հայերի ցեղասպանության փաստը: Թոսունի խոսքերից բարկացած պրոֆեսոր Սալաման Էրդողանին անվանեց «ցեղասպանություն գործած օսմանցի մսագործների ժառանգորդ»:
Շոուի ավարտին Հայրալան հայտարարեց, որ մոտ ժամանակներում հանրահավաքներ տեղի կունենան, որոնք ցույց կտան, որ իր հայցը հասարակական պահանջ է. եգիպտացիները խնդրում են իրենց կառավարությանը «ճանաչել, որ հայերը սպանվել են թուրք ոճրագործների ձեռքով»:





























