Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել «Վիլնյուսում Արեւելյան գործընկերության կայանալիք գագաթաժողովի համատեքստում Արեւելյան գործընկերության երկրների վրա Ռուսաստանի կողմից ցուցաբերած ճնշման մասին»: Բանաձեւի շուրջ քվեարկությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին կայացած նիստի ժամանակ:
Բանաձեւի տեքստի համաձայն՝ Եվրախորհրդարանը ափսոսանք է հայտնում այն փաստի առնչությամբ, որ «Արեւելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթաժողովից առաջ ավելանում են տարատեսակ ճնշումները այն երկրների վրա, որոնք հասնում են Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման կամ նախաստորագրման մասին բանակցությունների եզրափակիչ փուլին: «Եվրախորհրդարանը այդ ճնշումն անընդունելի է համարում, ավելին՝ հավատում է, որ գործընկեր-երկրների՝ ԵՄ հետ պրոգրեսիվ ինտեգրումը համատեղելի է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու հետ», ասվում է բանաձեւոմ, փոխանցում է «Նորությունների անկախ բյուրոն»:
Եվրախորհրդարանի պատգամավորները կարծում են, որ Ռուսաստանում պետք է հրաժարվեն ճնշում գործադրելուց, ինչպես որ եղել է, օրինակ, Ուկրաինայի եւ Մոլդովայի դեմ առեւտրային պատժամիջոցների կամ Հայաստանին սպառնալու պարագայում՝ այդ երկրներին Ասոցացման մասին համաձայնագիրը ստորագրելուց հետ պահելու համար. «Եվրախորհրդարանը կոչ է անում ՌԴ-ին զերծ մնալ արեւելյան գործընկերների վրա ուժեղացած ճնշումներից եւ ամբողջությամբ հարգել նրանց սեփական քաղաքական ընտրություն կատարելու սուվերեն իրավունքը»:
Պատգամավորները նաեւ համոզմունք են հայտնել, որ «Արեւելյան գործընկերության» երկրներում եվրոպական ստանդարտների վրա հիմնված հետագա քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ ըբխում են նաեւ Ռուսաստանի շահերից, քանի որ ավելացնում են Եվրոպայում կայունության եւ բարգավաճման գոտիները, փոխանցում է ՈւՆԻԱՆ-ը: Այս առնչությամբ ԵԽ-ն կոչ է արել Եվրահանձնաժողովին եւ ԵՄ արտաքին քաղաքական ծառայությանը մշակել եւ ներկայացնել հստակ եւ արդյունավետ միջոցներ՝ համագործակցության գործընկերներին պաշտպանելու՝ «Արեւելյան գործընկերության» բոլոր երկրներին նրանց ընտրությանն ու ջանքերին կայուն ազդանշան ուղարկելով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Պատգամավորները աջակցություն են հայտնել վիլնյուսյան գագաթաժողովում «Արեւելյան գործընկերության» երկրների հետ Ասոցացման մասին այն համաձայնագրերի նախաստորագրմանն ու կնքմանը, որոնք պատրաստ կլինեն դրան: Միեւնույն ժամանակ բանաձեւում «Արեւելյան գործընկերության» երկրներին ուղղված կոչ կա՝ շարունակելու աշխատանքները եւ նախապատրաստվելու նախաստորագրել կամ կնքել համաձայնագիրը:
Հիշեցնենք, որ նախօրեին Եվրախորհրդարանի պատգամավորները խստագույնս քննադատել էին Ռուսաստանի դիրքորոշում Ուկրաինայի եւ Արեւելյան գործընկերության այլ երկրների նկատմամբ:
Եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն, սթրասբուրգյան լսումներում ելույթ ունենալով հայտարարել էր, որ Եվրոպան կփորձի օգնել Հայաստանին եւ մյուս գործընկերներին գտնելու ընդունելի պայմաններ, որպեսզի համատեղեն ԵՄ հետ ինտեգրացումը Մաքսային միությանն անդամակցելու հետ:
Եվրոպան կփորձի օգնել Հայաստանին համատեղել ԵՄ եւ Մաքսային Միության հետ համագործակցությունը. Ֆյուլե





























