Եվրախորհրդարանի տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ սեպտեմբերի 11-ի նիստում խիստ քննադատության են ենթարկել Ռուսաստանին եւ աջակցություն հայտնել Արեւելյան գործընկերության երկրներին:

«Անընդունելի է, որ Ռուսաստանի նման երկրներն էներգետիկայի սակագներն օգտագործում են  որպես գործիք, որպեսզի արգելեն երկրի ազատ ընտրությունը: Մենք այդ երկրներին խրախուսում ենք կատարել վերջին քայլը (Ասոցացման մասին համաձայնագրի ուղղությամբ)», - ասել է ԵԺԿ ներկայացուցիչ Էլմար Բրոքը:

Պատգամավոր Լիբոր Ռուչեկը, սոցիալիստների խմբի անունից հանդես գալով, հայտարարել է, որ Եվրոպայում վերացել է այն մտածելակերպը, որ  «երբ մեկն ինչ-որ բան է ձեռք բերում, մյուսը կորցնում է»: Մենք նոր երկաթյա վարագույր չենք ուզում, Եվրոպան Արեւմուտքի եւ այսպես կոչված Արեւելքի միջեւ նոր բաժանում չենք ուզում: Պատգամավոր Բրոքը խոսեց ընտրության մասին: Այս, սա հիմնական կանոնն է: Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի ժողովուրդները կատարել են իրենց ընտրությունը», - հիշեցրել է նա ու հավելել. «Մեզ Եվրոպայում նոր սառը պատերազմներ պետք չեն»:

Լիբերալների անունից ելույթ ունենալով՝ պատգամավոր Քրիստինա Օյուլանդը հայտարարել է, որ Ռուսաստանի գործողություններն «ի ցույց են դնում  նպատակաուղղված պատժամիջոցները ուկրաինական արտահանման նկատմամբ, մոլդովական գինու արգելքը, Հայաստանի անվտանգության հասցեին սպառնալիքները»: «Այս բոլորն անմիջական ոտնձգություն են այդ երկրների ինքնիշխանության, գործընկերների հետ հարաբերությունների ազատ ընտրության հանդեպ: Ես հավատում եմ, որ Եվրոպան կարձագանքի: Համերաշխությունն ու միասնականությունը առաջիկա ամիսների մեր գործողությունների առանցքային բառերն են լինելու: Մենք պետք է միասին լինենք Կրեմլի ճնշմանը, սադրանքներին  դիմակայելու համար», - կարծում է քաղաքական գործիչը:

Նա նաեւ աջակցություն է հայտնել  Արեւելյան գործընկերության երկրներին: «Մենք մեր շուկան պետք է բացենք մոլդովական գինու համար, պետք է Պուտինին ցույց տանք, որ նրա մեթոդները ԵՄ-ի համար անընդունելի են: Ուկրաինան հատկապես խոցելի է, քանի որ առանց Ուկրաինայի Եվրասիական միությունը պարզապես թղթե վագր կլինի:  Մենք պետք է Ուկրաինային աջակցենք այս պատմական ընտրության հարցում», - վստահ է Եվրախորհրդարանի պատգամավորը:

Պահպանողականների անունից պատգամավոր Չարլզ Թեննոքը  նույնպես քննադատել է Ռուսաստանին եւ «գործընկերներին ձեռք մեկնելու» կոչ արել, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Հիշեցնենք, եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նույն լսումների ընթացքում հայտարարել էր, որ Եվրոպան կփորձի օգնել Հայաստանին եւ այլ գործընկերներին՝ համատեղել ԵՄ եւ Մաքսային Միության հետ համագործակցությունը:

Եվրոպան կփորձի օգնել Հայաստանին համատեղել ԵՄ եւ Մաքսային Միության հետ համագործակցությունը. Ֆյուլե

http://news.am/arm/news/170900.html