NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Իջեւանի Աչաջուր գյուղում 47-ամյա Գառնիկ Խոջոյանի՝ 30-ամյա եղբորը՝ Հարությունին սպանելու դեպքի առթիվ:
Մեր տեղեկություններով՝ օգոստոսի 20-ին նրանց միջեւ վիճաբանություն է եղել կենցաղային հողի վրա, ավելի կոնկրետ՝ ֆինանսական խնդիրների շուրջ: Բանն այն է, որ ընտանիքում աշխատում էր միայն Գառնիկ Խոջոյանը, ով օրավարձով բանվորություն էր անում, իսկ սպանվածը չի աշխատել, մեկնել էր Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, հուլիսին վերադարձել է: Եղբայրների հայրը մահացել է, մայրը կենսաթոշակառու է, ունեն նաեւ քույր, ով ամուսնացել է եւ իրենց հետ չի ապրում:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Գառնիկ Խոջոյանն ասել է՝ «Ինչքան կարամ ես աշխատեմ, քեզ պահեմ, քո համար սիգարետ առնեմ, գնա աշխատի»: Վիճաբանության ժամանակ նա եղբորը հարվածել է փայտյա աթոռով, իսկ վերջինիս ջարդվելուց հետո՝ աթոռի ոտքով: Հարվածներ է հասցրել գլխի շրջանում, այնուհետեւ մարմնի տարբեր մասերին: Հարություն Խոջոյանը տեղում մահացել է, նա չի կարողացել պաշտպանվել, առողջական խնդիրներ ուներ, ասում են՝ ժամանակին այրվածքներ է ստացել:
Վիճաբանության ժամանակ տանը եղել է նրանց մայրը, ում որդին խնդրել է չխառնվել: Այնուհետեւ, Գառնիկ Խոջոյանը փաթաթել է եղբոր մարմինը եւ տարել թաղել այգում, մորից էլ պահանջել է ոչ մեկին ոչինչ չասել: Գառնիկ Խոջոյանը ասել է նաեւ, որ ինքը ամուսնացած է եղել եւ երեխա ունի:
Աչաջուրի գյուղապետ Համո Գեւորգյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ սովորական ընտանիք են, եղբայրները տեւական ժամանակ գյուղում չեն եղել, Ռուսաստանում էին, ինքն էլ շատ բան չգիտի նրանց մասին, քանի որ քիչ էին երեւում գյուղում: Գյուղապետը նաեւ նշեց, որ նրանց տանը վիճաբանություններ հաճախ էին լինում էին:
Հիշեցնենք, որ սարսափելի դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին: Դեպքից 20 օր անց՝ օպերատիվ տվյալների հետքերով, Իջեւանի ոստիկանները ձերբակալել են Աչաջուր գյուղի բնակիչ, 47-ամյա Գառնիկ Խոջոյանին: Պարզվել է, որ նա իր եղբոր հետ վիճաբանել է, որը վերածվել է թեժ ծեծկռտուքի, եղբոր մահվան: Մայրն ու մյուս եղբայրը, նույն օրը, բոլորից գաղտնի կազմակերպել են մահացածի հուղարկավորությունը: Նրա որտեղ լինելն անհայտ է եղել նաեւ հարեւաններին ու իրեն ճանաչողներին: Դեպքի առթիվ ոստիկանության Իջեւանի բաժնում հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն): Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 17.00-ի սահմաններով Հարություն Վալոդի Խոջոյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա եղբայրը՝ Գառնիկ Խոջոյանը: Մեր տեղեկություններով՝ ձերբակալման 72 ժամը լրանալուն պես նրան մեղադրանք կառաջադրվի, եւ վերջինս կկալանավորվի: Մեզ հայտնի է դարձել նաեւ, որ ոստիկանությունը հանել է Խոջոյանների այգում թաղված Հարություն Խոջոյանի դին, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այլ փորձաքննություններ եւս նշանակված են՝ դատակենսաբանական, դատահոգեբուժական:





























