News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված եւ կասկածյալի կարգավիճակում գտնվող հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի գործով առկա է փորձագետների եզրակացություն:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փաստաբանների դպրոցի նախագահ, դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ երեկ առկա է եղել փորձագետների եզրակացությունը, սակայն քննիչը դրան չի ծանոթացրել իրենց, ինչը պարտավոր էր անել: Ավելին, նրանք նաեւ գրավոր միջնորդություն են ներկայացրել, որպեսզի քննիչը տրամադրի օրենքով նախատեսված փաստաթղթերը, այդ թվում՝ փորձագետների եզրակացությունը, սակայն մինչ օրս այն չի տվել:

Առկա է նաեւ փաստաբանի՝ ձերբակալման որոշման մասին ներկայացրած բողոքի պատասխանը, որը դեռեւս իրեն չի հասել: Երեկ երեկոյան, ժամը 18.30-ին, զանգահարել եւ հայտնել են, որ որոշումը առկա է, սակայն փաստաբանը արդեն հասել էր Երեւան, նորից չէր կարող վերադառնալ Եղվարդ եւ վերցնել այն: Այսօր պետք է որոշվի Վարդան Պետրոսյանի ճակատագիրը, մասնավորապես՝ նրան մեղադրանք են առաջադրում եւ կալանավորում, թե...: Սակայն մինչ այս պահը քննիչին որեւէ ծանուցագիր չեն փոխանցել, որում կհայտնեն, որ այսինչ ժամին լինելու է նման գործողություն եւ այլն:

Նիկոլայ Բաղադասրյանը տեղեկացրեց, որ այսօր քննիչին բացարկ են ներկայացնելու եւ այն հանձնելու են համայնքի դատախազին՝ ֆիքսելով բոլոր խախտումները:

«Անիմաստ է դարձել իր հետ աշխատել, անկազմակերպ քննություն է, տպավորություն է, թե չեն կարողանում քննություն իրականացրել»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ երեկ քննիչը հեռացել էր՝ անավարտ թողնելով  հարցաքննությունը, նախադասությունը կիսատ է մնացել, ինչի ապացույցը այն է, որ չկա արձանագրություն, այն չի տվել Վարդան Պետրոսյանին, որ ստորագրի:

Ինչ վերաբերում է վթարին, Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ մյուս կողմը լրատվամիջոցներում հակասական բաներ է պատմում: Մասնավորապես, տուժողներից մեկի ընկերուհին պատմել էր, թե իրենք մոտեցել էին խաչմերուկին,սպասում էին՝ մեքենան գա անցնի, իրենք մտնեն: Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ այդ տարածքում չի կարող նման բան լինել, քանի որ ճանապարհը միակողմանի է:

Մյուս վարկածը, թե հետեւի ապակուց տեսել են, որ Վարդանի մեքենան արագ է մոտենում, փաստաբանը եւս անհավանական համարեց, քանի որ այդ հատվածում ճանապարհը թեթեւակի կորություն ունի եւ ֆիզիոլոգիապես հնարավոր է գնահատել հետեւից եկող մեքենայի արագությունը, եւ կանգնել, որ նա անցնի: Նիկոլայ Բաղդասարյանի փոխանցմամբ՝ լուրեր են շրջանառվում,թե  իրենց մեքենան փչացած է եղել եւ կանգնած է եղել ճանապարհցի դուրս, իսկ վթարը եղել է ճանապարհի բանուկ մասում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, լյարդի եւ փայծաղի պատռվածք, փայծաղը հեռացրել են, իսկ լյարդի պատռվածքը կարել են, դերասանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղեւորներից հորեղբոր որդիներ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել էին: Այժմ հիվանդանոցում գտնվում է բազմաթիվ կոտրվածքներ ստացած Տաթեւ Հակոբյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էին, որ առկա է Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում: Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը վատացել էր, նրա մոտ առկա էր շնչառության թուլացում եւ ճնշման տատանումներ: Սկզբից դերասանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա՝ «Սթրես» կենտրոն: Դերասանն արդեն ձերբակալվածի կարգավիճակում է, նրա հիվանդասենյակը հսկում են ոստիկանները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ