Երեւան-Եղվարդ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով մեղադրյալ Վարդան Պետրոսյանի գործով վերահսկող դատածզը աշխատանքից ազատման դիմում է գրել կենսաթոշակի գնալու պատճառով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը:
Նա նշեց, որ վերահսկող դատխազ Արմեն Առաքելյանը դեռեւս դեկտեմբերի 20-ին է աշխատանքից ազատման դիմում գրել թոշակի գնալու պատճառով: Շահեն Տոնոյանը շեշտեց, որ դատախազի՝ աշխատանքից հեռանալը, ամենեւին էլ կապ չունի Վարդան Պետրոսյանի գործի հետ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը: Դրանից հետո նշանակված նոր քննիչը՝ Դավիթ Մարտիրոսյանը, դիմել էր Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դերասանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկու ամսով երկարացնելու համար, ինչը բավարարվել է:





























