«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակով դիմել է Ֆինանսների նախարարին, Կենտրոնական բանկի նախագահին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ պահանջելով անհապաղ որոշում կայացնել էլեկտրոնային հաշվետվության ծրագրում փոփոխություն կատարելու մասին, այն է՝ հաշվետվության ձեւից հանել պարտադիր կուտակային վճարների «դաշտը», ինչը ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման հրապարակումից հետո դեռեւս շարունակում է մնալ պարտադիր լրացման «դաշտ»: Այս մասին ասվում է նախաձեռնության կայքում:

Նախաձեռնությունը հայտնում է, որ ՍԴ-ի կայացրած որոշումից հետո պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձինք (այդ թվում նաեւ հարկային գործակալները) ընդհուպ մինչեւ դատաքննության ավարտը պատասխանատվություն չեն կրում կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար: «Սա նշանակում է նաեւ, որ պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների կողմից կենսաթոշակային ֆոնդերի եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների ընտրություն չկատարելը չի կարող հանգեցնել համակարգչային մոդուլի միջոցով վերջիններիս համար ֆոնդի ընտրությանը, հետեւաբար` Օրենքով նախատեսված կուտակային պարտադիր բաղադրիչի վրա հիմնված համակարգի մեկնարկը սույն թվականի հունվարի 1-ից դարձել է անհնարին»:

Այնուամենայնիվ, թիմը տեղեկություններ ունի, որ որոշ գործատուներ 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված աշխատողների աշխատավարձերից արդեն իսկ կատարել են կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարի փոխանցում կամ հաշվարկել եւ պահել են գումարներն իրենց հաշվին:

«Ստացվում է, որ վեճը տեղափոխվել է գործատու եւ աշխատող հարաբերությունների տիրույթ, որոնք պետք է փորձեն այսպես կոչված լեզու գտնել միմյանց հետ: Կգտնվեն աշխատողներ, ովքեր կարող են դա հաջողությամբ անել, իսկ ոմանք՝ ոչ: Այս երկու խմբերը խոցելի վիճակում են հայտնվել, քանի որ վախի ու հոգեբանական ճնշման արդյունքում համակերպվում են իրենց գործատուների կայացրած որոշումների հետ, որպեսզի չկորցնեն իրենց աշխատանքը, իսկ գործատուները՝ հարկային մարմինների հետ հարաբերվելիս հետագայում խնդիրներ չունենալու համար: Ավելին, որոշ գործատուների կողմից արդեն իսկ կատարված պարտադիր կուտակային վճարների հետեւանքով աշխատակիցները կարող են հետագայում կանգնել մեկ այլ խնդրի, այն է` վճարված գումարների հնարավոր անվերադարձվելիության խնդրի առաջ  (այն դեպքում, եթե Սահմանադրական դատարանը ի վերջո որոշում կայացնի Օրենքի խնդրահարույց հոդվածները ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչելու մասին)»,- ասվում է նամակում:

Նախաձեռնությունը պահանջում է նաեւ, որպեսզի համապատասխան մարմինների կողմից որեւէ ուղղակի եւ անուղղակի ճնշում չգործադրվի այն անձանց վրա (ներառյալ գործատուների), ովքեր չեն կատարել եւ չեն կատարելու  կուտակային պարտադիր վճարումները՝ Օրենքի 76-րդ, 86.3-րդ հոդվածների կասեցման ամբողջ ժամանակահատվածում: