38-ամյա Արթուր Սարխոշյանը, ով եղբոր գերեզմանի մոտ սպանել էր կնոջը՝ 35-ամյա Արաքսյա Մարտիրոսյանը, կալանավորված է եւ օրերս կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմավիր» բ/կ-ի տնօրեն Սարգիս Խաչատրյանը:

Նա նշեց, որ Արթուրի առողջական վիճակը նորմալ է, կյանքին վտանգ չի սպառնում, ստացած վնասվածքներն էլ մակերեսային են: «Նա այժմ գտնվում է հիվանդասենյակում՝ երկու ոստիկանների հսկողությամբ, երեւի այս երկու օրերին կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց»: Ես զրուցեցի հետը, հարցրեցի, թե ինչով է վնասել իրեն, ասաց՝ ոչինչ չեմ հիշում: Ինքը չգիտի, որ կինը մահացած է, մի քիչ դեպրեսիվ վիճակ է մոտը, չխոսկան է»,- հայտնեց հիվանդանոցի տնօրենը:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզում օրերս ողբերգական դեպք է գրանցվել, տղամարդը եղբոր գերեզմանին սպանել է կնոջը եւ փորձել ինքնասպան լինել: Արմավիրի գյուղի բնակիչ 38-ամյա Արթուր Սարխոշյանը փետրվարի 15-ին՝ երեկոյան, իր հանգուցյալ եղբոր գերեզմանի մոտ, քարով հարվածներ է հասցրել կնոջ՝  35-ամյա Արաքսյա Մարտիրոսյանի գլխին, այնուհետեւ սրիչով կտրել կնոջ պարանոցի հատվածը: Դրանից հետո տղամարդը նույն սրիչով վնասել է իր պարանոցը եւ վերջույթները: Կինը հիվանդանոցում մահացել է, իսկ նրա ամուսինը գտնվում է «Արմավիրի» բ/կ-ում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն):