NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Արմավիրում տեղի ունեցած ողբերգությունից: Այսպես, Արմավիրի գյուղապետ Ռաֆիկ Մարգարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ 38-ամյա Արթուր Սարխոշյանը, ով եղբոր գերեզմանի մոտ սպանել էր կնոջը՝ 35-ամյա Արաքսյա Մարտիրոսյանին, այնուհետեւ փորձել ինքնասպան լինել, ունի 4 երեխա: Փոքրը 1,5 տարեկան է: Ինքնասպանության փորձ կատարած տղամարդու եղբայրը տարիներ առաջ խեղդվել է հարեւան գյուղի լճում լողալուց, նրա երեք երեխաները եւս Արթուր Սարխոշյանի եւ կնոջ՝ 35-ամյա Արաքսյա Մարտիրոսյանի խնամքին էին:
Գյուղապետն ասաց, որ ընտանիքը ապրում էր ծանր սոցիալական պայմաններում, հոր եւ մոր հետ: Արթուր Սարխոշյանը չէր աշխատում, հարսանիքներին, ծնունդներին երգում եւ նվագում էր: Նա գրանցված է հոգեբուժարանում, եւ գյուղապետի փոխանցմամբ՝ վերջերս նրան ուղարկել էին բուժվելու:
Իսկ թե ինչպես է եղել դեպքը, Ռաֆիկ Մարգարյանն ասաց, որ «մարդ ու կնիկ հարսանիքում են եղել, այնտեղից տաքսիով եկել են, վարորդին ասել է մեզ իջեցրու գերեզմանոցում, հետո կգաս կբերես»:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզում օրերս ողբերգական դեպք է գրանցվել, տղամարդը եղբոր գերեզմանին սպանել է կնոջը եւ փորձել ինքնասպան լինել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցին հաստատել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնից:
Այսպես, նրանց փոխանցմամբ՝ Արմավիրի գյուղի բնակիչ 38-ամյա Արթուր Սարխոշյանը փետրվարի 15-ին՝ երեկոյան, իր հանգուցյալ եղբոր գերեզմանի մոտ, քարով հարվածներ է հասցրել կնոջ՝ 35-ամյա Արաքսյա Մարտիրոսյանի գլխին, այնուհետեւ սրիչով կտրել կնոջ պարանոցի հատվածը: Դրանից հետո տղամարդը նույն սրիչով վնասել է իր պարանոցը եւ վերջույթները: Կինը հիվանդանոցում մահացել է, իսկ նրա ամուսինը գտնվում է «Արմավիրի» բ/կ-ում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն):



























