Հրազդանի Վանատուր թաղամասի 17-ամյա բնակիչ Տիգրան Ավետիսյանի մոտ երկար հետազոտություններից հետո հայտնաբերվել է բացառիկ անբուժելի հիվանդություն, որի մասին Տիգրանի ընտանիքն իմացել է միայն վերջին օրերին:

Տիգրանը դեռևս 2013թ. դեկտեմբեր ամսին իրեն վատ է զգացել, հազացել է, ջերմություն ունեցել, արյունահոսել, հայրը տարել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ թոքաբորբ կասկածելով՝ տղային ուղեգրել են Աբովյանի տուբերկուլյոզի դիսպանսեր հիվանդանոց: Այստեղ մեկշաբաթյա հետազոտություն անցնելուց և բուժվելուց հետո դուրս է գրվել: Որոշ ժամանակ անց, սակայն, տղայի վիճակն ավելի է վատացել: Հայրը՝ 54 ամյա Նորիկ Ավետիսյանը, պատմեց, որ Տիգրանին ուղեգրել  են Երևան, որտեղ ամբողջ ձմեռ բուժում է ստացել, սակայն բժիշկները վերջնական ախտորոշումը չէին կարողանում գտնել, մինչդեռ տղայի վիճակն օր-օրի վատանում էր:

Միայն վերջերս բժիշկները պարզել են, որ պատանին տառապում է բացառիկ հիվանդությամբ՝ Գուդփասչերի սինդրոմով: Իմունային համակարգի հազվագյուտ հանդիպող այս հիվանդության դեպքում հակամարմիններն ախտահարում են երիկամներն ու թոքերը, տեղի է ունենում բոլոր ներքին օրգանների քայքայում, այն կարող է ժառանգական լինել, կամ էլ ձեռքբերովի. առաջանում է նույնիսկ սննդից:

«Ամբողջ աշխարհում դրա լիարժեք բուժումը չկա, բժշկի խոսքերից պարզ դարձավ, որ էրեխուս կյանքը կարող են միայն արտերկրում երկարացնել 10-15 տարով, իսկ Հայաստանում բուժում չկա, Հայաստանում մի քանի ամսվա կյանք կունենա տղես»,- պատմեց Տիգրանի հայրը։

Պատանու ծնողներն ամուսնալուծված են: Տիգրանին և նրա քրոջը հայրը միայնակ է պահել ու մեծացրել, Տիգրանին՝ 8 ամսականից, քրոջը՝ չորս տարեկանից: Տիգրանի հայրը հողագործությամբ է զբաղվել, անասնապահությամբ, ամեն ինչ արել է, որ երեխաները ոչնչի կարիք չունենան. «Անգամ մոր հանդեպ թշնամություն չեմ սերմանել։ Ամեն գործ արել եմ, բայց երեխեքիս լավ եմ պահել, մորս թոշակով, փարոսով, մի քիչ լավ, մի քիչ վատ, բայց պահել եմ երեխեքիս, ու հիմա ոչինչ էլ չեմ ուզում, մենակ էրեխես առողջանա ու կողքիս ապրի»։

Տիգրանին իր հիվանդության լրջության մասին ոչինչ չեն ասել, նա անհամբեր սպասում է դուրս գրվելուն.

«Ես զգում եմ, որ երեխես զգում է, որ լուրջ բան կա, բայց չի ասում, որ ես չընկճվեմ»,- պատմեց հայրը։

Տղայի բուժման համար հաշվեհամարներ են բացվել, որպեսզի կարողանան բուժումը կազմակերպել Մոսկվայում:

ՀՀ դրամ-16025073043101

ԱՄՆ դոլար-16025073043102

Եվրո-16025073043103

ՌԴ ռուբլի-16025073043104

Հաշվեհամարները բացված են ՎՏԲ Հայաստան բանկում, հաշվետեր՝ Ոսկանյան Սյուզաննա Լևոնի: