Երեկ` մայիսի 25-ին Չարենցավանում տատի եւ թոռան միջեւ վիճաբանությունը ավարտվել է մահվան ելքով: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ 4-րդ թաղամասի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել եւ թեժացել այն աստիճան, որ հարեւանները ստիպված են եղել ահազանգել ոստիկանություն:

Իրավապահ մարմինների ժամանելուց հետո բերման է ենթարկվել 29-ամյա երիտասարդը, իսկ ընտանիքի մեկ այլ անդամ` թոշակառու տարեց կինը տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ ժամեր անց մահացել է: Պարզվել է` վիճաբանությունը տեղի է ունեցել տատու եւ թոռան միջեւ, վերջինս սթափ վիճակում չի եղել: Պաշտոնապես տարեց կնոջ մահվան պատճառների մասին տեղեկություններ չեն հայտնում, սակայն թաղամասում տարածված լուրերի համաձայն` թոռը` Հարություն Նազարյանը, վեճի ժամանակ հարվածներ է հասցրել տատին: Վերջինս թոռան խնամակալության ներքո էր գտնվում:

Ըստ հարեւանների, Հարությունը վիճաբանությունը սկսել է այն բանից հետո, երբ վերադարձել է տուն ու տեսել, որ տատուն այդ օրը խնամել է մյուս թոռը, վրդովվել է, թե նա իր խնամքի տակ է գտնվում եւ ուրիշների օգնության կարիքը չունի: Ապա նա բորբոքվել է եւ հարվածներ հասցրել տատուն:

Ոստիկանությունից հաստատել են միջադեպի փաստը, սակայն մահվան պատճառները չեն նշել: Քրեական գործ է հարուցվել քր.օր.-ի 112 հոդ 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով: (Դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնել` անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ, պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով): 

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Հարություն Նազարյանը ձերբակալված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: