Դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի՝ «Կարգին Հասոյի» աճյունը Հայաստան տեղափոխումը կտեւի մեկ շաբաթ, իսկ մինչ այդ ԱՄՆ-ում եւս նախատեսվում է անցկացնել հոգեհանգստյան արարողությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա քույրը՝ Անուշ Ղարիբյանը:
Սիրված դերասանուհու մոտ չարաբաստիկ լիմֆոմա հիվանդությունը ախտորոշվել էր 2013թ ապրիլին՝ շատ պատահական: Նա երբեք չի բողոքել առողջական վիճակից, ընդհանրապես որեւէ գանգատ չի ունեցել եւ հանկարծ գեղձերը ուռել էին, գնացել էր բժշկի ու այդպես հայտնաբերվել էր սարսափելի հիվանդությունը: Չնայած դրան՝ Հասմիկը վստահ էր ու ամեն ինչ անում էր բուժվելու համար: Հարազատները, նրան ճանաչողները եւս համոզված էին, որ Հասմիկը կհաղթի հիվանդությանը իր եռանդով, կենսասիրությամբ, ուժով, լավատեսությամբ եւ հումորով: Հիվանդության պատճառն անհայտ էր, բայց այն զարգացավ կայծակնային արագությամբ:
Քույրը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ Հասմիկը պառկած էր Բեվերլի Հիլզի հիվանդանոցում, բժիշկները ամեն ինչ անում էին նրա կյանքը փրկելու համար, բայց չստացվեց: Հասմիկն այնքան դրական անձնավորություն էր, որ բոլոր բժիշկներն եւ բուժքույրերը հասցրել էին նրան սիրել: Անուշը պատմեց, որ նրա վերջին բուժքույրը մտավ պալատ ու ասաց՝ ճիշտ է, ես բուժքույր եմ, պիտի սառնարյուն լինեմ, բայց ես էլ մարդ եմ ու սկսեց արտասվել հարազատների հետ: Հիվանդանոցում դեռ երկար կհիշեն Հասմիկ Ղարիբյանին, բուժքույրերից մեկը ցավակցական նամակ է ուղարկել նրա հարազատներին՝ նշելով, թե իր համար շատ հաճելի էր նրա հետ ծանոթությունը եւ երբեք չի մոոանա նրա գեղեցիկ ժպիտը:
Անուշ Ղարիբյանը պատմեց, որ 2012թ Հասմիկը ԱՄՆ էր գնացել իր սիրո հետեւից: Հանուն սիրո ամեն ինչ թողել գնացել էր, բայց շատ էր կարոտում Երեւանը, ուշք ու միտքը Երեւան գալն էր, ուզում էր երեխա ունենար, աշխատել ու գալ Երեւան: Ամուսնուն էլ համոզում էր, որ լավանալուց հետո գան, Երեւանում ապրեն:
«Ինքը շատ տաղանդավոր, յուրահատուկ երեխա է եղել, դեռ մանկուց պարոդիաներ էր անում, փոքր ժամանակ մանկապարտեզի դաստիարակներին զարմացնում էր իր գրական հայերենով: Երազում էր, որ իմ հետ միասին հայրիկիս անունով թատրոն բացենք: Շատ էր սիրում օնլայն գնումներ անել, որ տեսավ բավական էժան է հագուստը, ասաց, որ ուզում է Երեւանի կենտրոնում իր անունով հագուստի խանութ բացենք ու մատչելի գներով հագուստ բերենք ԱՄՆ-ից, որ մեր աղջիկները կարողանան օգտվել: Ինքը միշտ իմ սրտում է լինելու: Ես մի եզրակացության եկա, էս հիվանդությունից չկա փրկություն»,-ասաց Անուշ Ղարիբյանը:
Նշենք, որ Հասմիկ Ղարիբյանը ծնվել է 1980թ, հունիսի 13-ին Երեւանում, նա հայտնի դերասան Իշխան Ղարիբյանի դուստրն է: 1997թ. ավարտել է Երեւանի Յավորովի անվան միջնակարգ դպրոցը եւ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը:
Դպրոցական տարիներին սովորել է Երեւանի Պարարվեստի ուսումնարանի ժողովրդական պարերի բաժնում եւ Ա.Բակունցի անվան պետական ջազ քոլեջի վոկալի բաժնում, որն էլ ավարտել է 2000թ.:
2003թ-ից նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կարգին հաղորդում» նախագծում: Մասնակցել է բազմաթիվ համերգային, հեռուստատեսային նախագծերի: Խաղացել է «7.5», «7.5-2», «No comment» ներկայացումներում, «Ալաբալանիցա» եւ այլ ֆիլմերում: «FM 107» ռադիոկայանով վարել է «1 ժամ Կարգին Հասոյի հետ» հաղորդումը:




























