Քաղաքացի Մեխակ Մելիքբեկյանին առեւանգելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել է առերեւույթ հանցանք կատարած անձանց ինքնությունը։

ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Ս.Ղալթախչյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչներ Գ. Ալավերդյանի, Հ.Ղալթախչյանի եւ մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնության է եկել Մեխակ Մելիքբեկյանին առեւանգելու հարցի շուրջ եւ 2015թ. հունվարի 17-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղում գտնվող եկեղեցու մոտակայքից առեւանգել նրան։

Մեխակ Մելիքբեկյանի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով նրան նստեցրել են Հ.Ղալթախչյանին պատկանող «Աուդի» մակնիշի ավտոմեքենան եւ նրա կամքին հակառակ տեղափոխել Տավուշի մարզում գտնվող «Ջողազ» կոչվող վայր, որտեղ ծեծի են ենթարկել նրան եւ պահանջել խոստովանել, թե իբր ինքն է կատարել Տ.Գասպարյանի կազմակերպած մի շարք ծանր հանցագործությունները, այդ թվում՝ Կամո Ղալթախչյանի նկատմամբ 2013թ. սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած սպանության փորձը։

Քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, կատարված խուզարկությունների արդյունքում Ս.Ղաչթախչյանի տանը հայտնաբերվել են 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` քաղաքացի Սաշա Ղալթախչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

2015 թվականի փետրվարի 13-ին որոշումներ են կայացվել Գ.Ալավերդյանին ու Հ.Ղալթախչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում»: