Երեւանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» պետական փակ բաժնետիրական ընկերության ֆիլդշերական բրիգադայի սանիտար Ռուզաննա Կ.-ն մեղադրվում է դիակից գողություն կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ անցած տարվա սեպտեմբերին Ռուզաննա Կ.-ն ընդգրկված է եղել հերթապահության գրաֆիկում եւ ժամը 09:00-ից կատարել աշխատանքային պարտականությունները: Այն է` ահազանգ ստանալով այն մասին, որ Մաշտոցի պողոտայի 51 շ. 36 բնակարանում դիակ կա, Ռուզաննա Կ.-ն  շտապօգնության մեքենայի վարորդ Հայկ Վարդանյանի հետ մեկնել է վերը նշված բնակարան: Այնուհետեւ Սիլվա Պետրոսյանի դիակը պատգարակով տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենայի սրահ, որի ընթացքում էլ Ռուզաննա Կ.-ն  Ս. Պետրոսյանի դիակից գաղտնի հափշտակել է զգալի չափի 50.000 ՀՀ դրամ արժողության մեկ զույգ ոսկյա ականջօղը:

Ռուզաննա Կ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Այն դեռ վարույթ չի ընդունվել: