Հայաստանի մի շարք համայնքներում երեկ՝ մայիսի 17-ին, անց կացված տեղական հանրաքվեին մի շարք համայնքներ դեմ են քվեարկել խոշորացմանը:  NEWS.am-ը ԿԸՀ-ից տեղեկացավ, որ Լոռու մարզում համայնքները խոշորացնելուն կողմ են քվեարկել Թումանյանում (576-այո, 36-ոչ), Լորուտում (125-այո-115-ոչ), Մարցում (99-այո, 31-ոչ)  եւ Քարինջում (113-այո, 83-ոչ): Լոռու Ահնիձոր, Աթան, Շամուտ համայնքներում դեմ են խոշորացմանը:

Սյունիքի բոլոր համայնքներում, ըստ ԿԸՀ-ի, տվյալների կողմ են խոշորացմանը: Ավելին՝կան համայնքներ, որտեղ խոշորացմանը «ոչ» ասող ոչ մի բնակիչ չի գտնվել, ինչպես օրինակ՝ Տանձատափում ու Քաշունիում:

Ինչ վերաբերում է Տավուշի մարզին, ապա այստեղ պատկերը խայտաբղետ է: Դատելով տվյալներից՝ թերեւս ամենակտիվը քվեարկությանը մասնակցել են այս մարզում: Տավուշի մարզի Գոշ գյուղում 142 (49-կողմ), Թեղուտում 222 (167-կողմ), Հաղարծինում 444 (243 -կողմ) հոգի դեմ են քվեարկել խոշորացմանը:  Դիլիջանում համայնքների խոշորացմանը կողմ է քվեարկել 3317 հոգի, դեմ՝ 344 հոգի:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ սա իրենից ներկայացնում է հարցում-հանրաքվե, որը իրավական կարգավորում չունի: «Ընդամենը հարցում է,քվեարկություն, որը չունի պարտադիր ուժ, արդյունքները ներկայացնելու ենք Կառավարությանը: Չի կարելի ասել՝ հանրաքվեն անցել է, ձախողվել է, նման բան չկա, որեւէ կարգավորում չկա, որը նկատի ունենալով՝ կարելի է ասել, որ հանրաքվեն անցել է: Ընդամենը տվյալներ են, Կառավարությունն է որոշելու՝ այդ արդյունքները բավարարում է օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու համար, թե ոչ: Մնացածը իրենց լիազորության հայեցողությամբ է»:

Նշենք, որ կառավարության՝ մարտի 19-ի նիստում որոշում էր կայացվել մայիսի 17-ին անցկացնել հանրաքվե մի քանի համայնքների՝ Դիլիջանի, Թումանյանի եւ Տաթեւի խոշորացման համար: Այսպես նախատեսվում է Թումանյան համայնքի խոշորացման արդյունքում միավորել Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները, բնակչությունը կլինի մոտ 4597 , կենտրոնը՝ Թումանյանը: Տաթեւ համայնքի խոշորացման արդյունքում միավորվում են Տաթեւը, Հալիձորը, Հարժիսը, Շինուհայրը, Սվարանցը, Խոտը, Տանձատափը, Քասունին, բնակչությունը՝ 5960, կենտրոնը կլինի Շինուհայրը, քանի որ այդտեղ ենթակառուցվածքները եւ բնակչությունը շատ է: Դիլիջան համայնքի միավորման արդյունքում կմիավորվեն Դիլիջանը, Հաղարծինը, Թեղուտը, Գոշը, Աղավնավանքը, Խաչարձանը, Հովքը, բնակչությունը 25576 կլինի, կենտրոնը՝ Դիլիջան: