Արթուր Գեղամի Հարությունյանի թեկնածությունը Աբովյանի ընտրություններին առաջադրել է Ծառուկյանը եւ նրա աշխատակազմը, որպեսզի մարդկանց շփոթության մեջ գցի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Գեղամի Հարությունյանը՝ նույն ինքը Պալաչը:

«Իմ անուն ազգանուն հայրանունով մարդը մի սովորական, ոչ մի բանի հետ կապ չունեցող անձնավորություն է, որին գտել են Ծառուկյան Գագիկն ու իր անձնակազմը, շահագարգռել են որ թեկնածությունը դնի, մարդկանց շփոթության մեջ գցելու համար»,-ասաց նա:

Արթուր Գեղամի Հարությունյանը ապրել է Բելգիայում, վերադարձել է մի քանի տարի առաջ զբաղվում է անասնապահությամբ, նա «Վեդի Ալկոյի» տնօրեն Մանվել Ղազարյանի մորաքրոջ որդին է: Արթուր Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ծառուկյանը եւ նրա թիմը տեսել են, որ Աբովյանում չունեն ընտրազանգված, փորձում են նման ոչ տղամարդկային քայլերով մարդկանց շփոթեցնել: Նա շեշտեց, որ դա միայն իր հեղինակությունն է բարձրացնում, մինչդեռ «իր այս քայլով Ծառուկյան Գագոն անասուն պահողին եւ իր Գեւորգյան Վահագին հավասարեցրեց մի մակարդակի, հաստատեց, որ իրենց պետք չի նորմալ քաղաքապետ, պետք է մի առարկա, որ իրենց ծրագրերը իրականացնի»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 7-ին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում նոր առաջադրումներ են եղել, թեկնածուների թիվը արդեն 6 է: NEWS.am-ը ԿԸՀ-ից տեղեկացավ, որ ինքնառաջադրվել է նաեւ անկուսակցական Էդվին Թադեւոսյանը:

Ինքնառաջադրվել է նաեւ անկուսակցական Արթուր Գեղամի Հարությունյանը: Նրա եւ թեկնածուներից մեկի՝ Պալաչի (Արթուր Գեղամի Հարությունյան) անուն-ազգանուն-հայրանունը լրիվ նույնն է, երկուսն էլ անկուսակցական են, երկուսն էլ ինքնառաջադրվել են, միակ տարբերությունը սակայն աշխատավայրն է: Արթուր Հարությունյանի դեպքում որեւէ աշխատավայր չկա, իսկ Պալաչի դեպքում նշված է աշխատավայրը՝ «Չարենցավանի բեռնաուղեւորատար ավտոտրանսպորտ» ԲԲԸ տնօրեն: Միայն թե աշխատավայրը չի երեւա քվեաթերթիկում: Զանգեցինք ԿԸՀ, որպեսզի պարզենք՝ արդյոք շփոթություն է եղել, թե իսկապես նույն անուն-ազգանուն-հայրանունով երկու թեկնածու կա, մեզ փոխանցեցին, որ ամեն ինչ ճիշտ է, Արթուր Գեղամի Հարությունյան տվյալներով երկու թեկնածու կա: Առաջադրվել է նաեւ որպես Ծառուկյանի օգնական հայտնի Վահագն Գեւորգյանը, ում սատարում է ՀՀԿ-ն: Ինքնառաջադրվել է նաեւ Աբովյանի նախկին քաղաքապետ, անկուսակցական Կարապետ Իսրայելյանը, ինչպես նաեւ «Քինգ դելյուքս» ընկերության ղեկավար Արթուր Հարությունյանը՝ «Պալաչը»:

Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետը Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանն էր, ում նշանակեցին Կոտայքի մարզպետ: Թեկնածուները իրենց փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել մինչեւ մայիսի 17-ը: Թեկնածուների գրանցումը  կատարվելու է մայիսի 17-19-ը:  Ընտրությունները կկայանան հունիսի 7-ին: