Աբովյանի քաղաքապետի ընտրություններին ինքնառաջադրված, ՀՀԿ-ից հեռացված «Քինգ դելյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանի՝ Պալաչի թիմակիցներին բերման են ենթարկվել ոստիկանություն թմրամիջոց օգտագործելու կասկածանքով: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ  տեղեկատվություն է ստացվել տվյալ մեքենաներում թմրամիջոց օգտագործելու վերաբերյալ, մեքենաները բերվել են բաժին՝ ստուգվելու նպատակով: Առայժմ հայտնի չէ՝ երբ բաց կթողնեն Պալաչի թիմակիցներին:

Նշենք, որ Արթուր Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ իր թիմակիցներից 3 հոգու՝ 2 մեքենայով, այդ թվում իր եղբորը, տարել են ոստիկանություն: Նրանց դեռ ազատ չեն արձակել եւ թեկնածուն չգիտի, թե ինչի համար են  տարել ոստիկանություն: «Երեւի կճշտեմ, բաց կթողեն էլի, վստահ եմ՝ ամեն ինչ թյուրիմացություն է»,-ասել է նա: Հարցին, թե արդյոք այս ամենը ճնշումներ չեն ձեր վրա, Արթուր Հարությունյանն ասաց, որ ոստիկանությունը չի խառնվում քաղաքական հարցերին, կսպասենք, կտեսնենք՝ ինչ են անում: Եթե առաջիկա ժամերին նրա թիմակիցներին չազատեն, Արթուր Հարությունյանը անձամբ է գնալու ոստիկանություն՝ ճշտելու տեղի ունեցածի հանգամանքները:

Հիշեցնենք. որ Աբովյանի քաղաքապետարանի ընտրություններին առաջադրված 6 թեկնածուներից 4-ի անունը ուղղակի կամ անուղղակի կապվում է Գագիկ Ծառուկյանի հետ: Ամենասկզբից առաջադրվել է որպես Ծառուկյանի օգնական եւ նրա հովանավորյալ հայտնի Վահագն Գեւորգյանը, ում սատարում է նաեւ ՀՀԿ-ն: Ինքնառաջադրված Էդվին Թադեւոսյանը Ծառուկյանի մորաքրոջ որդին է, Սամվել Հակոբյանը ազգականը՝ Ծառուկյանի կնոջ կողմից: Ըստ շրջանառվող ռեղեկությունների՝ Արթուր Գեղամի Հարությունյանին Ծառուկյանը առաջադրել է, որպեսզի մարդիկ շփոթության մեջ ընկնեն եւ Պալաչին՝ նորից Արթուր Գեղամի Հարությունյանի փոխարեն նրա օգտին քվեարկեն: Ծառուկյանի հիմանակ հակաակորդը նույն Պալաչն է՝ «Քինգ դելյուքսի» սեփականատերը: Ընտրություններին մասնակցելու համար ինքնառաջադրվել է նաեւ անկուսակցական, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը: