Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ցավալի միջադեպը, որի հետեւանքով 12-ամյա երեխա է մահացել, կարուսելի ոչ ճիշտ օգտագործման արդյունք է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը:

Նա նախ ցավակցեց մահացած երեխայի ընտանիքի անդամներին եւ հարազատներին, ապա նշեց, որ ոստիկանության դեպքի հանգամանքները ճշտելուց հետո միայն իրենք պարզաբանում կտան: Հարցին, թե մեր տեղեկություններով միջադեպի պատճառն այն է, որ կարուսելը նորմալ ամրացված չի եղել, Արթուր Գեւորգյանն ասաց հետեւյալը. «Իսկ մեր տեղեկություններով՝ պատճառը եղել է կարուսելի ոչ ճիշտ օգտագործումը, երբ մի քանի երեխաներով բարձրացել են կարուսելի վրա եւ մեծ արագությամբ ճոճել:  Ցավալին այն է, որ տարածքում եղել են մեծահասակներ, որոնք չեն կանխել դեպքը»:

Վարչության պետը նշեց, որ Երեւանում բակային ատրակցիոնների հետ կապված երբեւէ նման դեպքեր չեն եղել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 11-ին ողբերգական դեպք է եղել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Բակում խաղալիս խաղահրապարակի կարուսելից ընկել եւ գլխի շրջանում վնասվածքներ է ստացել 12-ամյա մի աղջիկ։ Հիվանդանոցի ճանապարհին երեխան մահացել է։ Դեպքի կապակցությամբ քննություն է ընթանում։ Մեր տեղեկություններով, խաղահրապարակը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի մոտ, իսկ կարուսելներն վերջերս էին տեղադրել այդ տարածքում։ Ասում են նաեւ, որ կարուսելը նորմալ ամրացված չի եղել, այդ պատճառով էլ շուռ է եկել երեխայի վրա: