Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի՝ «Ծաղիկ Ռուբոյի» եղբորորդու սպանության գործով հետախուզման մեջ գտնվող 2 մեղադրյալների մասով գործն արդեն դատարանում է: NEWS.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ այն կքննվի Էրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարան՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ: Առաջին նիստը նշանակվել է հունիսի 18-ին, ժամը 12.00-ին:
Նշենք, որ սպանությունն իրականացնելու մեջ մեղադրվող երեք անձանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում՝ ձեռնարկվելով միջոցներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Հետախուզվողներից երկուսը՝ Ա.Երեմյանը եւ Կ.Հակոբյանը, հայտնաբերվել են Ռուսաստանում եւ Հայաստան էտապավորվել համապատասխանաբար 2014թ օգոստոսի 29-ին եւ 2015 թվականի փետրվարի 22-ին։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 8-րդ կետերի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ Ա.Երեմյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 8-րդ կետերի հատկանիշներով։ Նշված երկու մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Առաքել Սարգսյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է, կատարվում են համապատասխան օպերատիվ-որոնողական գործողություններ՝ նրան հայտնաբերելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում ավարտվել է շուրջ 12 տարի առաջ Նուբարաշենի խճուղում մի քանի անձանց սպանության դեպքի առթիվ հարուցված 2 մեղադրյալների մասով նախաքննությունը։ 2003 թվականի հուլիսի 25-ին` ժամը 12:15-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձինք ապօրինաբար ձեռք բերած ինքնաձիգներով, սպանության դիտավորությամբ, Նուբարաշենի խճուղում կրակահերթ են արձակել տաքսի ծառայության «31029» մակնիշի, 65 ԼՕ 285 համարանիշի ավտոմեքենայի մեջ գտնվող անձանց ուղղությամբ։
Ստացած հրազենային վնասվածքներից 3 անձ՝ ավտոմեքենայի վարորդ Սաշիկ Սուրենի Հակոբյանը, ՀՀ ՊՆ բուժվարչության պետի տեղակալ Գարեգին Խաչատուրի Հարությունյանը եւ Դավթաշենի բնակիչ Արկադի Սամվելի Գեւորգյանը, սպանվել են, իսկ վերջինիս եղբայր Արտյոմ Սամվելի Գեւորգյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժշկական միջամտության շնորհիվ հաջողվել է փրկել նրա կյանքը։
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են սպանության հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, շարժառիթը, պատվիրատուն։
Քննության տվյալներով՝ Երեւան քաղաքի բնակիչ Արթուր Սարգսյանը, տեղեկանալով իր ընկերոջ որդու Գեւորգ Մանուկյանի եւ Գեւորգյան եղբայրների լարված հարաբերությունների մասին, կազմակերպել է վերջիններիս սպանությունը։
Սպանությունը պատվիրվել է ՀՀ Արմավիրի մարզի բնակիչներ Կամսար Հակոբյանին, Անդրանիկ Երեմյանին եւ Առաքել Սարգսյանին: Համաձայնելով իրականացնել Գեւորգյան եղբայրների սպանությունը՝ ըստ նախաքննության նյութերի, Կ.Հակոբյանը, Ա.Երեմյանը եւ Ա.Սարգսյանը 2003 թվականի մայիսի սկզբներից մինչեւ հունիսի 25-ը բնակվել են հատուկ այդ նպատակով իրենց տրամադրված բնակարանում, հանցագործության կատարման ընթացքում օգտագործելու համար ստացել անհրաժեշտ պարագաներ, այդ թվում` բջջային հեռախոս, բջջային հեռախոսի չօգտագործված, գործարանային փաթեթավորմամբ հեռախոսահամարի կանխավճարային «Իզի» քարտ, «Մերսեդես Բենց-124» մակնիշի, «B-1 300 V» հաշվառման համարանիշի ավտոմեքենա, հրազեն հանդիսացող ինքնաձիգներ, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, հեռադիտակ, ինչպես նաեւ՝ Արկադի ու Արտյոմ Գեւորգյան եղբայրների լուսանկարը:
Քննության տվյալներով՝ Գեւորգյան եղբայրների՝ հունիսի 25-ին Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց գնալու մասին Կ.Հակոբյանը եւ մյուս երկու անձինք տեղեկացել են Արթուր Սարգսյանից եւ զինվելով իրենց տրամադրված, հրազեն հանդիսացող «ԱԿՄԱ» տեսակի, 1625 համարի, «ԱԿՄԱ» տեսակի առանց համարի եւ «ԱԿԱ-74Ու» տեսակի, 369450 համարի ինքնաձիգներով, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով՝ դարանակալել են Նուբարաշենի խճուղում։ Այնուհետեւ՝ կրակահերթ արձակել տվյալ ճանապարհահատվածով ընթացող նշված «ԳԱԶ 31029» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պատին գտնվել են Գեւորգյան եղբայրները։ Կրկացոների հետեւանքով վարորդ Սաշիկ Հակոբյանը, ուղեւորներ Գարեգին Հարությունյանը եւ Արկադի Գեւորգյանն ստացած բազմաթիվ հրազենային վնասվածքներից մահացել են, իսկ մյուս ուղեւոր Արտյոմ Գեւորգյանի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Սպանությունը կատարելուց հետո դեպքի վայրում թողնելով ինքնաձիգները, հեռադիտակը, ծածկոցները եւ բջջային հեռախոսը` «Մերսեդես-Բենց-124» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի, որը թողել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտ եւ տաքսի ծառայության ավտոմեքենաներով հեռացել։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ դեռեւս 2003 թվականին որոշումներ են կայացվել՝ սպանության կազմակերպմանը, նախապատրաստմանը եւ կատարմանը մասնակցություն ունեցած անձանց որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ 19.12.2003թ. քրեական գործից Արթուր Սարգսյանի եւ այլ անձանց վերաբերյալ մասն անջատվել է եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: 30.06.2004թ. քրեական գործից մեկ այլ մեղադրյալի վերաբերյալ մասն անջատվել է եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:





























