Իրանի բանակը հայտարարել է, որ չորեքշաբթի վաղ առավոտյան մարտական անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Քուվեյթի Ալի ալ Սալեմ ավիաբազայում տեղակայված ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրներին, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արձակման հարթակներին։ Այս մասին հաղորդում է Mehr-ը։
Հայտարարության մեջ իրանցի զինվորականներն Ալի ալ Սալեմ ավիաբազան բնութագրել են որպես ԱՄՆ-ի կարևոր ռազմական օբյեկտներից մեկը, օդային փոխադրումների խոշոր կենտրոն և Արևմտյան Ասիայի տարածաշրջան զորքերի տեղափոխման կետ։
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հայտարարության համաձայն՝ ռազմաբազան առանցքային դեր է խաղում տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ռազմավարության և նյութատեխնիկական ապահովման գործում։
«Պաշտպանելով Իրանը՝ մենք չենք խոնարհվում որևէ տերության առջև։ Ընդհակառակը՝ ցանկացած սպառնալիքի և ագրեսիայի մեր պատասխանը կլինի վճռական, ջախջախիչ և աշխարհագրական սահմաններով չսահմանափակված», — հայտարարել է Իրանի բանակը։





























