Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ (ֆոտոռեպորտաժ):
ԱԱԾ մամուլի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երեւանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք, որը թաքցվել է Երեւան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը:
Նոյեմբերի 25-ին, Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում <մուխա> տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի Նորք Մարաշի 9-րդ փողոցի տներից մեկում այսօր` նոյեմբերի 25-ին, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վնասազերծել են մի խումբ զինված մարդկանց: NEWS.am-ին հայտնի էր դարձել, որ այս խմբի մեջ եղել են նաեւ կանայք: Ըստ մեր աղբյուրների` նրանց մեջ կան նաեւ սփյուռքահայեր:
Ըստ մեր աղբյուրների` իրավապահները տուն են մտել` պատը զինտեխնիկայով քանդելու միջոցով:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am