News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մայիսի 13-ին` ժամը 17:00-ից սկսած, ղարաբաղաադրբեջանական շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը սկսել է արկակոծել ՊԲ մարտական հենակետերը, հատկապես  ինտենսիվ՝ Մարտակերտի և Թալիշի ուղղություններով:

Ուրբաթ 13-ը սկսվեց ողբերգական երկու լուրով: Երկու հարձակում Երեւանում՝ երկուսն էլ մահվան ելքով:

Գիշերը ժամը 4-ին Շենգավիթ համայնքում երկու երիտասարդ լոգարանի պատուհանից ներխուժել են  «Բրավո» տաքսի ծառայության տնօրենի տուն՝ թալանի նպատակով: Գողերը հույս ունեին, որ տանը միայն ամուսիններն են ու նրանց դպրոցական որդին: Մինչդեռ նրանց դիմադրություն էր ցույց տալու կնոջ հետ աներոջ տանը գիշերող փեսան, որը քիքբոքսինգի չեմպիոն է: Հրազենով ու դանակներով զինված կողոպտիչները հասցրել են մի քանի անգամ կրակել եւ դանակով վիրավորել տանտիրոջը, նրա որդուն եւ փեսային: Ընտանիքը սկսել է դիմադրել ձեռքի տակ ընկած իրերով: Ծեծկռտուքի հետեւանքով կողոպտիչներից մեկը՝ 29-ամյա Հրաչյա Ֆալանջյանը մահացել է: Ոստիկանությունը տեղեկացրել է, որ սպանվածը նախկին ոստիկան էր, երկու շաբաթ առաջ աշխատանքից հեռացվել էր կարգապահական խախտման համար: Մինչդեռ հարազատները պնդում են, որ Հրաչյան ոստիկանությունից չէր հեռացվել, ավելին՝ այդ գիշեր նա հերթապահության էր: Նրա հանցակիցը՝  Էդգար Մանուկյանը, հիվանդանոցում է: Հոսպիտալացվել են նաեւ տան երեք անդամները:

Դեպքից մի քանի ժամ անց Աջափնյակ թաղամասում երկու երիտասարդ է սպանվել՝ քույր ու եղբայր: Նախնական տվյալով՝ նրանց սպանել է աղջկա ընկերը: Շողիկ Արմենակյանի ընտանիքը դեմ էր Հայկի հետ նրա հարաբերություններին: Հայկը վերջերս էր դուրս եկել կալանավայրից: Առավոտյան ժամը 9-ին նա ներխուժել է Արմենակյանների տուն, խոհանոցի դանակով սպանել է 29-ամյա Շողիկին ու եղբորը՝ 25-ամյա Շավարշին, վնասել նրանց հորը: Մայրն այդ պահին աշխատանքի է եղել: Հայրը վազել է Հայկի հետեւից, բայց չի հասել: Հայկը դեպքի վայրից փախուստի է դիմել: Նրան այժմ որոնում են:

Երեւանում մայիսի 12-ին նորածին է մահացել: 7 օրական տղան ծնվել էր առանց ձախ երիկամի, սրտի արատով եւ գլխավոր  աորտայի թերզարգացմամբ: Նա 38-ամյա Սեդա Ամոյանի առաջնեկն էր: Հարազատները պնդում են, որ հղիության ընթացքում բոլոր անհրաժեշտ հետազոտություններն անցել են 4-րդ պոլիկլինիկայում, եւ բժիշկները երեխայի մոտ որեւէ շեղում չեն նկատել: Ծնվելուց հետո պարզվել է՝ երեխան լուրջ առողջական խնդիրներ ունի: Ծնվելուց յոթ օր անց նրան սրտի վիրահատության են ենթարկել, ինչի ժամանակ էլ մահացել է:

Պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների այսօրվա քննարկումների հիմնական թեման վարչապետի երեկվա հայտարարությունն էր՝ տնտեսական լուրջ  փոխություններ սկսելու մասին: Արդարադատության նախարարը կրկնել է վարչապետի ձեւակերպումը՝ կոռուպցիայի դեմ պայքարում են, որոշ արդյունքներ ունեն, բայց դրանք բավարար չեն: Նախարարությունը մշակել եւ կառավարությանն է ներկայացրել բարձրաստիճան պաշտոնյաների համար քրեական ու վարչական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ:

Կառավարության նպատակը ոչ թե հարուստների դեմ պայքարելն է, այլ որ այդ միլիոնները ձեռք չբերվեն ապօրինի ճանապարհով՝ վարչապետի ելույթին անդրադառնալով ասել է Դավիթ Հարությունյանը: Լրագրողների հարցին՝ միթե մոնոպոլիստների անունները իշխանություններին հայտնի չեն, եւ նրանց դեռ նոր պիտի հայտնաբերեն, աշխատակազմի ղեկավարն ասել է՝ դա տնտեսական ուսումնասիրության խնդիր է, պետք է հասկանալ, թե որ դեպքում է մենաշնորհը վնասում տնտեսությանը:

Կաշառակերության դեմ պայքարի վերաբերյալ Հովիկ Աբրահամյանի ամբողջ ելույթը քրեական խոստովանական ցուցմունք է՝ կարծիք է հայտնել «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Վարչապետի ելույթի միակ ճիշտ բանը «հարգելի գործընկերներ» արտահայտությունն էր՝ ասել է Արմեն Մարտիրոսյանը. ելույթի տրամաբանական ավարտը պետք է լիներ նրա հրաժարականը:

Վարդան Այվազյանը համաձայն չէ նրանց հետ, ովքեր չեն հավատում, որ վարչապետը իրական պայքար է սկսել մենաշնորհների դեմ: Նա այսօր առաջարկել է սպասել կոնկերտ քայլերի եւ արդյունքների, եւ միայն դրանից հետո գնահատական տալ: Ինչ վերաբերում է ժողովրդի հաշվին հարստացած պաշտոնյաներին, Վարդան Այվազյանն ասել է՝ ինքը, ի տարբերության ուրիշների, հարստացել է դրսում վաստակած փողերով:

Մայիսի 13-ին, ժամը 14։00 ի սահմանում Հայաստանի տարածքում հայկական զինված ուժերը հետախուզական անօդաչու թռչող սարք են չեզոքացրել: Դեպքը տեղի է ունեցել Վայոց ձորում: Այլ մանրամասներ դեռ չեն հրապարակվում:

Սկսվել է 2016-ի ամառային զորակոչը: Սերժ Սարգսյանն արդեն հրամանագիրը ստորագրել է: Մայիս-հուլիս ամիսներին պարտադիր ծառայության կմեկնեն զորակոչի ենթակա բոլոր տղաները: Նույն ժամանակահատվածում կիրականացվի նաեւ զորացրումը:

Հրապարակվել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայաստանյան այցի օրակարգը: Քահանայապետը Երեւան կժամանի հունիսի 24-ին: Նույն օրը երեկոյան կհանդիպի Սերժ Սարգսյանի, ապա՝ իշխանությունների, հասարակության եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, ապա՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Հունիսի 25-ին Հռոմի պապը կայցելի Ծիծեռնակաբերդ, այնուհետեւ Կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում: Նույն օրը երեկոյան Երեւանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա Խաղաղության Աղոթք: Հովվապետերը նաեւ աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում:

Իվետա Մուկուչյանը ճանաչվել է «Եվրատեսիլի» հաջորդ թոփ մոդելի մրցույթի հաղթող: Ապրիլից սկսված քվեարկոթւյան արդյունքներով մեր պատվիրակը այս տարվա մասնակիցներից ամենագեղեցիկ աղջիկն է: Նա մոտ տասը տոկոսով առաջ է անցել երկրորդ տեղը զբաղեցրած՝ Ադրբեջանի մասնակցից: Մայիսի 14–ին կայանալիք եզրափակիչ փուլում Իվետան ելույթ կունենա վերջին համարի ներքո:

Այսօր բոլոր հիմնական արտարժույթները էժանացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 479, եվրոյինը՝ 543, ֆունտինը՝ 690, իսկ ռուբլունը՝ 7.35 դրամ:

Երեւանում մայիսի 14-ին  հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +16, իսկ վաղը ցերեկը՝ +29-ի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ