Նիսում ահաբեկչության հետեւանքով զոհվել է ՀՀ քաղաքացի: Այս մասին հաղորդում է Հայաստանի ԱԳ նախարարությունը:

«Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ»,-ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նիսում հուլիսի 14-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվում նախնական տվյալներով կա մի հայ կին։ Հայ եկեղեցու Նիսի հոգեւոր հովիվ Հայր Գրիգոր աբեղա Խաչատրյանը NEWS.am-ին հայտներ էր. «Երկու-երեք ժամ առաջ ստացված տվյալներով՝ զոհերի թվում մի հայ կին կա եւ  երեք վիրավոր։ Առայժմ այսքանն է մեր տեղեկությունը։ Զոհված կինը մոտ 40 տարեկան է, այլ մանրամասներ չգիտենք։ Լույսը նոր է բացվել, գիշերը խառնաշփոթ էր,  դեռ մանրամասներ հայտնի չեն»:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 22։30-ի սահմաններում, Նիսի Անգլիական ափին հավաքված մարդկանց խմբի մեջ մեծ արագությամբ բեռնատար էր մխրճվել։ Վարորդը մարդկանց մեջ էր մխրճվել Բաստիլի գրավման օրվա տոնական հրավառության ժամանակ։ Բեռնատարը, մոտ 2 կմ զիգզագաձեւ շարժվելով, փորձել է հնարավորինս շատ մարդկանց ճզմել։ Հետո վարորդը կրակ էր բացել մարդկանց վրա։ Ոստիկանության գործողությունների արդյունքում նա սպանվել է։ Բեռնատարի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք եւ պայթուցիկ։

Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհվել է 84 մարդ, ավելի քան 18-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վարորդը Ֆրանսիայի եւ Թունիսի քաղաքացի է։ Նա 31 տարեկան է։ Նախկինում ոստիկանության ուշադրության կենտրոնում էր հայտնվել գողության եւ խուլիգանության համար։

Հայ եկեղեցու Նիսի հոգեւոր հովիվ Հայր Գրիգոր աբեղա Խաչատրյանը NEWS.am-ին հայտնել է, որ վիրավորների մեջ կա երեք հայ: