«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանին այսօր` հուլիսի 31-ին, երկու ամսով կալանավորեցին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պավլիկ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը` նշելով, որ դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր «Շտապօգնության» մեքենայով պատգարակով Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցից դատարան է տեղափոխվել Պավլիկ Մանուկյանը: Նրան դատարանից տեղափոխել են «Դատապարյալների հիվանդանոց» ՔԿՀ։
Նշենք, որ Պավլիկ Մանուկյանը գտնվում էր Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցում:
Ավելի վաղ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, թե Պավլիկ Մանուկյանն ինքնուրույն է շնչում, սակայն դեռեւս գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, քանի որ բուժման անհրաժեշտություն կա այնտեղ:
Հիշեցնենք, ըստ ոստիկանության հաղորդագրության, Պավլիկ Մանուկյանն եւ նրա որդին ոտքերի հատվածում հրազենային վիրավորում են ստացել ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով։ Հուլիսի 27-ին Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։
Ըստ մեղադրանքի` մի դեպքում նախատեսվում է 6-12, մյուս դեպքում 3-8 տարվա ազատազրկում: