News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ողբերգական պատահար Հյուսիսային Օսիայում: Առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ճանապարհին Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին: Պատահարի հետեւանքով 5 մարդ է զոհվել, 27 վիրավոր կա: Տուժածներից 4-ը երեխաներ են: Ներկայում տարբեր հիվանդանոցներում 9 տուժած կա, այդ թվում՝ 4 երեխաները: Նրանցից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, մեկի վիճակը բժիշկները ծանր են գնահատում: Տուժածների խոսքով՝ վթարի պահին ուղեւորների մեծ մասը քնած է եղել: Մինչ փրկարարների ժամանումը տուժածներին առաջին օգնություն են ցուցաբերել եւ ավտոբուսից դուրս բերել հենց ուղեւորները:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության տվյալներով՝ զոհերից երկուսը Հայաստանի, երեքը՝ Ռուսաստանի քաղաքացիներ են: Զոհված ռուսաստանցիների թվում են երիտասարդ մարզիկ ու նրա մարզիչը, որոնք Հայաստան էին գալիս՝ կարատեի մրցումների մասնակցելու:

Ռուսաստանի նախագահը հանձնարարել է տեղափոխության ենթակա ուղեւորներին Երեւան հասցնել Ռուսաստանի ԱԻ նախարարության օդանավով: Երեւանում գտնվող Ռուսաստանի տրանսպորտի նախարարն այսօր Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը տեղեկացրել է իրականացվող աշխատանքների մասին: 

Երեկոյան «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ռուսական օդանավը: Նույն ինքնաթիռով Հայաստան է տեղափոխել նաեւ պատահարի հետեւանքով զոհված ավտոբուսի վարորդ Յուրա Պողոսյանի դին:

Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարության նախնական տվյալներով՝ ուղեւորատար ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետեւանքով էլ բախվել է մայթեզրին կանգնած բեռնատարին: Այլ աղբյուրի համաձայն՝ վարորդը քնել է ղեկին: Հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհային երթեւության կանոնները խախտելու փաստով: Քննչական խումբ է ստեղծվել:

Ռուսական աղբյուրների հաղորդմամբ՝ վթարի ենթարկված փոխադրամիջոցն առանց Ռուսաստանի տրանսպորտի նախարարության թույլտվության է աշխատել: Բացի այդ, վարորդները տարբեր ժամանակներում վարչական պատասխանատվության են ենթարկվել՝ ամրագոտի չկապելու եւ արագությունը գերազանցելու համար: Ավտոբուսը մեծ արագությամբ բախվել է բեռնատարին: Բախումն այնքան ուժեղ է եղել, որ դրա կցորդում եղած թեթեւ մարդատար ավտոմեքենաները դուրս են թռել:

ՀԱՊԿ կանոնադրական մարմիններում նախագահությունն այսօր Հայաստանից փոխանցվել է Բելառուսին: Հանդիսավոր արարողությունը կայացել է Երեւանում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների եւ ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում:

Երեւանում կայացել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցելու նպատակով այսօր Հայաստան են ժամանել նաեւ Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահները: Օդանավակայանում Վլադիմիր Պուտինին դիմավորել է Սերժ Սարգսյանը, իսկ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Գագիկ Ծառուկյանն ու Սուրեն Կարայանը:

Ավելի ուշ արդեն պետությունների ղեկավարները նախագահականում էին: Սերժ Սարգսյանը դիմավորել է գործընկերներին, իսկ հետո միասին լուսանկարվել են:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի մեկնարկին Սերժ Սարգսյանը բոլորի անունից առողջություն է մաղթել Նուրսուլթան Նազարբաեւին: Նիստում Ղազախստանը ներկայացրել է վարչապետը:

Նստաշրջանի օրակարգի առանցքում են եղել ՀԱՊԿ անցյալ տարվա գագաթաժողովների որոշումների իրականացման ընթացքը, ինչպես նաեւ Կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանի կողմից առաջադրված առաջնահերթությունները:

Ակնկալվում էր, որ նիստում կազմակերպության նոր գլխավոր քարտուղար է ընտրվելու: Սակայն հարցը հանվել է օրակարգից եւ կքննարկվի տարեվերջին, Սանկտ Պետերբուրգում։

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: «Հավասարություն եւ քաղաքացիություն» կոչվող օրինագծի փոփոխություններին կողմ է արտահայտվել 156 պատգամավոր, դեմ՝ 146-ը:

Այսպիսով, Ֆրանսիայում պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու եւ հերքելու համար: Ֆրանսիական խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, այս օրինագիծն ընդունել էր ամռանը:

Ճանապարհային պատահար, այնուհետեւ վիճաբանություն Գյումրիում, որն ավարտվել է փոխհրաձգությամբ: Իրար բախված «ԲՄՎ» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների վարորդները սկսել են վիճել, որը խմբակային խուլիգանության է վերածվել: Որոշ մասնակիցների մոտ զենք է եղել: Չնայած ականատեսները մեր թղթակցին պատմել են, որ կրակոցի ձայներ են լսել, սակայն քննչական կոմիտեն դեռեւս չի հաստատում այս փաստը:

Միջադեպի մասնակիցներից մեկը փախուստի դիմելիս հարեւանությամբ գտնվող մանկապարտեզի բակ է նետել ՏՏ տեսակի ատրճանակը: Դեպքի վայրում նաեւ արյան հետքեր են հայտնաբերվել, սակայն ոչ ոք հիվանդանոց չի դիմել: Քրեական գործ է հարուցվել:

Վարուժան Սուքիասյանն այլեւս Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը չէ: 2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում ռումինացիներից կրած 0:5 հաշվով տնային պարտությունից հետո Սուքիասյանը հայտարարել էր, որ Ֆեդերացիայի պահանջի դեպքում հրաժարական կտա: Այդ խաղից 3 օր անց էլ Հայաստանի հավաքականը Վարշավայում 1:2 հաշվով պարտվեց Լեհաստանին թիմին: Սուքիասյանը Հայաստանի հավաքականը գլխավորում էր 2015 թվականի դեկտեմբերի 10-ից: Նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականը 7 հանդիպում է անցկացրել՝ կրելով 4 պարտություն, տանելով 2 հաղթանակ եւ մեկ հանդիպում ավարտելով ոչ ոքի: Աշխարհի առաջնության ընտրական փուլում մեր հավաքականը պարտվել է բոլոր երեք խաղերում:

Հոկտեմբերի 14-ին դոլարի վերելքը կանգ է առել, այն նույնիսկ փոքր-ինչ էժանացել է: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 476 դրամ, եվրոյինը՝ 525, ռուբլունը՝ 7 դրամ 57 լումա, ֆունտինը՝ 581 դրամ։

Հոկտեմբերի 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը՝ Վայոց ձորում, Սյունիքում եւ Արցախում, սպասվում է անձրեւ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով: Երեւանում հոկտեմբերի 15-ին սպասվում է կարճատեւ անձրեւ, հնարավոր է ամպրոպ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 21․05․2021
Ողբերգական վթարի հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել․․․
Ամենաշատ