News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վարչապետի պաշտոնը Կարեն Կարապետյանին զրկել է անձնական կյանքից. կա՛մ կառավարությունում է լինում, կա՛մ անկողնում: Կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, շատ է աշխատում, որովհետեւ հսկայական աշխատանք կա անելու: Կարեն Կարապետյանն այսօր ամփոփել է պաշտոնավարման 100 օրն ու գոհունակություն հայտնել նոր կառավարության գործունեության ընթացքից: Համենայն դեպս՝ ճիշտ ուղղությամբ են գնում: Բայց նաեւ վստահեցնում է, որ հնարավոր չէ մատի մեկ շարժումով կտրուկ փոփոխություն անել:

Լրագրողներին նախ հետաքրքրել է հարցը. խորհրդարանական ընտրություններում ներառվելո՞ւ է Հանրապետականի համամասնական ցուցակում եւ 2018 թվականից հետո շարունակելո՞ւ է ղեկավարել Հայաստանի կառավարությունը: Օրենսդրական արգելք է առաջանում. հանրապետությունում 4 տարվա մշտական բնակության մասին պահանջ կա: Եթե նման հնարավորություն ունենա, իր թիմի աշխատանքն էլ արդյունավետ լինի, հակված է մնալ պաշտոնում:

Կարապետյանը չգիտի, արդյո՞ք իր՝ վարչապետ լինելու հանգամանքով է պայմանավորված ռուսական Գազպրոմի հետ բանակցությունների արդյունքում գազի սակագնի նվազումը: Բայց վստահորեն հերքում է պնդումները, որ սա ժամանակավոր իջեցում է, նախընտրական շոու:

Վարչապետը չի կիսում մտահոգությունները, որ գազատարի վրացական հատվածի՝ ադրբեջանական ընկերությանը վաճառքը սպառնում է Հայաստանին: Ասում է՝ միջազգային իրավական դաշտ կա, բացի այդ՝ դա էլ բիզնես է, եւ ադրբեջանցիները նույնպես ուզում են փող աշխատել: Արտակարգ իրավիճակի դեպքում գազի կրկնակի ուղի ունենալու համար Հայաստանը շարունակում է քննարկել Իրանի եւ Թուրքմենստանի հետ տարբեր հնարավորությունները: Իսկ էներգետիկ անվտանգության տեսակետից Հայաստանի գործակիցը բավական բարձր է:

Արցախյան բանակցությունների մասին հարցի ժամանակ էլ լրագրողները հիշել են վարչապետի արմատների մասին: Որպես ծագումով ղարաբաղցի՝ դեմ է տարածքներ զիջելուն: Բայց նաեւ վստահ է. ոչ ոք չի կարող Արցախի հարցով որոշում կայացնել՝ առանց ժողովրդի համաձայնության:

Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսական եւ ներդրումային դաշտին. վարչապետը վստահեցրել է, որ այս պահին ոչ ոք Հայաստանում բիզնեսի համար արհեստական խոչընդոտներ որեւէ շուկայում չի ստեղծում, արհեստական մենաշնորհներ էլ երկրում չկան: Գերիշխող դիրք ունեցող ընկերություններ եւ գործարարներ, այո, կան, բայց դա նույնպես բնական է:

Ասում է՝ եթե խախտումների մասին կոնկրետ փաստեր ունեք, բերեք, դիմեք, բայց ինձ միլիցա մի՛ սարքեք: Իսկ քրեական տարրի առկայության դեպքում հարցով արդեն համապատասխան մարմիններն են զբաղվելու: Վարչապետի խնդիրը ոչ եթե մարդ բռնելն է, այլ արդյունավետ կառավարելը:

2016 թվականի բյուջեի թերագանձման մասին հարցը, սակայն, հունից հանել է կառավարության ղեկավարին: Զարմացած է. ինչո՞ւ են անընդհատ հարցնում, ո՞ւմ են բռնելու, ո՞ւմ են նստացնելու, իսկ ո՞ւմ՝ կախելու: Կարծում է, որ պետք է ավելի առարկայական մտածել. իր համար գլխավորը սխալները գտնելն ու դրանք ուղղելն է:

Ամեն դեպքում, ասուլիսի վերջում վարչապետը լրագրողներին խնդրել է ներողամիտ լինել, եթե մի քիչ էմոցիոնալ է եղել: Կարեն Կարապետյանը պատրաստ է կանոնավոր հանդիպել լրագրողների հետ, նրանց հետ զրույցում փակ թեմա գոյություն չունի:

«Զինված խմբի» գործով դատական հերթական նիստն այսօր հետաձգվել է. գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանին դատարան չէին տեղափոխել: Քրեակատարողական հիմնարկից տեղեկացրել էին, որ Շիրխանյանը հրաժարվել է առանց պատգարակի դատարան գնալ, մինչդեռ բժշկի տեղեկանքի համաձայն՝ Շիրխանյանն ի վիճակի է նստած մասնակցել նիստերին: Նրա շահերի պաշտպանն էլ հակադարձել է. բժշկի տեղեկանքը կեղծ է:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Հայկ Ալումյանը նշել է, որ իր պաշտպանյալն ինքուրույն չի կարողանում տեղաշարժվել: Իսկ համալիր փորձաքննության արդյունքներով՝ նա այնքան առողջ է, որ կարող է անգամ Հայաստանի ազգային հավաքականում ֆուտբոլ խաղալ: Նիստը հետաձգելու որոշումը գործով ամբաստանյալների մոտ վրդովմունք է առաջացրել: Նրանցից Արթուր Վարդանյանը նիստի վերջում հայտարարել է, որ դատարանը շոու է, նրա պաշտպանն էլ համոզված է, որ գործով դատաքննության մեկնարկն արհեստականորեն են հետաձգում:

Պետական նմուշի կեղծ դիպլոմ տրամադրելու համար երեք բուհի ռեկտորների մեղադրանք է առաջադրվել: Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է, որ Երեւանում եւ մարզերում գործող որոշ ոչ պետական բուհերի ռեկտորներ կեղծ ավարտական դիպլոմներ են տրամադրել անձանց, որոնք դասերի չեն մասնակցել, ավելին, ոմանք նույնիսկ քննություններ չեն հանձնել: Պետական բուհական ավարտական դիպլոմ են ստացել ոչ միայն Հայաստանի, այլեւ այլ երկրների, օրինակ՝ Վրաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ուզբեկստանի եւ Իսրայելի մի քանի տասնյակ քաղաքացիներ: Այդ «շրջանավարտները», սակայն, չեն կարողանա օգտագործել իրենց դիպլոմները:

Խոշոր վթար Նորագավիթում: Ճանապարհային ոստիկանության պահակետի հարեւանությամբ «ՎԱԶ 21099» եւ «Mercedes C230» մակնիշի ավտոմեքենաների բախման հետեւանքով 4 մարդ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Վիրավորներին առաջինն օգնության են հասել հարեւանությամբ գործող սուպերմարկետի աշխատակիցները: Տուժածներից 2-ը երեխաներ են, մեկը՝ հղի կին:

Արտակարգ դեպք Երեւանում: Բնակարաններից մեկում դի են հայտնաբերել: Դավթաշեն վարչական շրջանից ահազանգել են, որ քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռն ու ննջասենյակի հատակին հայտնաբերել 87-ամյա Վ.Ղ.-ի դին, մահճակալին էլ՝ 84-ամյա Ք.Ղ.-ին: Վերջինին տեղում բուժօգնություն են ցուցաբերել:

Ուղիղ 27 տարի առաջ հունվարի 13-ին Ադրբեջանի մայրաքաղաքում սկսվեց բնիկ հայ բնակչության՝ ազգային հողի վրա զանգվածային ջարդը։ Ադրբեջանցիները ներխուժեցին Բաքվում հայերի բնակարաններ եւ մարդկանց պատուհաններից դուրս նետեցին ու ողջակիզեցին, իսկ ողջ մնացածներին տեղահանեցին՝ խլելով նրանց ունեցվածքը: Այս դժոխքը շարունակվեց 6 օր: Ջարդերից հետո Բաքուն հայաթափվեց. տեղահանվեց շուրջ 250 հազար հայ, հազարավոր հայեր էլ անհետ կորան: Կարգուկանոնը «վերականգնելու» պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել էր Բաքվում խորհրդային իշխանությունը, Գորբաչովը հրամանագիր  ստորագրեց քաղաքում արտակարգ դրություն մտցնելու մասին։

Դոլարի ու եվրոյի վերելքը շարունակվում է: Հունվարի 13-ին  դոլարի փոխարժեքը կազմել է 485 դրամ, եվրոյինը՝ 517, ռուբլունը՝ 8 դրամ 17 լումա, ֆունտինը՝ 592 դրամ:

Հունվարի 14-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Ամպամածությունն ու մառախուղը, սակայն, կպահպանվեն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ