News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այս տարվա նոյեմբերից վաճառքի է հանվել հայերեն լեզվի ուղղագրության, կետադրության եւ քերականության ստուգման ծրագրի նոր` Armenian PowerSpell 2011 տարբերակը: Նախորդի՝ Armenian PowerSpell 2009-ի հետ համեմատ նոր տարբերակն ունի մի շարք առավելություններ։

Ծրագրի հեղինակ Արման Բոշյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ծրագրի նոր տարբերակն աշխատում է ոչ միայն  MS Word ծրագրում, այլ նաեւ` Excel-ում եւ PowerPoint-ում: Բացի այդ՝ ծրագրի նոր տարբերակում ավելացել է նաեւ ստուգվող բառերի քանակը՝ մոտ 850 հազ. բառ (նախորդ տարբերակում այդ թիվը կազմում էր 570 հազ. բառ), իսկ ստուգվող կետադրական եւ քերականական օրենքների քանակը 50-ից դարձել է շուրջ 500։

«Այժմ ծրագիրը ստուգում է տեքստը ոչ թե բառ առ բառ, այլեւ ամեն երեք իրար հաջորդող բառերը միասին՝ այդպիսով ծրագիրը մասնակի կերպով օգնում է նաեւ տեքստի իմաստային սխալների ուղղում իրականացնել»,-ասաց Ա. Բոշյանը՝ նշելով, որ ծրագիրը վերլուծում է նախադասությունը եւ ուշադրություն է դարձնում սխալ հոլովներին։

«Սահակ Պարթեւ-Պապյան» ընկերության տնօրեն Հայկ Պապյանի խոսքով՝  Armenian PowerSpell 2011-ը ապահովվում է հայերեն լեզվի 99 տոկոս ծածկույթ (նախորդ տարբերակում 97 տոկոս էր), իսկ ճշտությունը հասցված է 99,5 տոկոսի` նախկին 96 տոկոսի փոխարեն:

Ծրագրի նոր տարբերակը ստուգում է նաեւ օտար լեզուների հիմքը պարունակող բառերը եւ տերմինները։ Ավելացել է նաեւ ստուգման արագությունը՝ այժմ ծրագիրը ստուգում է րոպեում 15-20 էջ (նախկին՝ 10-15 էջի փոխարեն)։

Նշենք, որ ծրագրի տարեկան արժեքը առաջին տարում 14 հազ. դրամ է, որից հետո բաժանորդագրումը մեկ տարվա համար կարժենա 11 հազ. դրամ։ Armenian PowerSpell 2011-ը կարելի է անվճար ներբեռնել www.powerspell.am կայքից եւ 7 օր օգտագործել։

Տեղեկացնենք նաեւ, որ Armenian PowerSpell 2009 տարբերակը օգտագործող սպառողները կամ նրանք, ովքեր Armenian PowerSpell 2009-ը ձեռք կբերեն մինչեւ նոյեմբերի 15-ը, թարմացումը կստանան անվճար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ