News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Նախօրեին ձերբակալված Սամվել Բաբայանն այսօր ցուցմունք է տվել: Նրա շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը տեղեկացրել է, որ Բաբայանն իր նկատմամբ կասկածներն անհիմն է համարում, չի ընդունում եւ չի ճանաչում նույն գործի շրջանակում մյուս ձերբակալվածներին: Փաստաբանը նշել է նաեւ, որ Սամվել Բաբայանին դեռեւս մեղադրանք չի առաջադրվել: Նա նաեւ չգիտի, թե ինչ հիմքով են ձերբակալել իր պաշտպանյալին:

Նշենք, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել է մաքսանենգ եղանակով Վրաստանից Հայաստան «ԻԳԼԱ» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի տեղափոխման գործով: Քրեական գործի շրջանակում, Բաբայանից բացի, եւս 2 անձ է ձերբակալվել: Ազգային անվտանգության ծառայության տեղեկացմամբ՝ հայտնաբերվել ու առգրավվել է «ԻԳԼԱ»-ի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով: ԱԱԾ-ն արդեն աշխատում է Վրաստանի գործընկերների հետ՝ փորձելով ստուգել հայտնաբերված ռազմամթերքը հայ-վրացական պետական սահմանով ենթադրաբար անցկացնելու վերաբերյալ ձեռք բերված նախնական տվյալների հավաստիությունը:

Մինչ այդ՝ Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան ռազմական տեխնիկայի տարանցման թույլտվություն իրենք չեն տվել: Բոլնիսի շրջանում ռուսական պետհամարանիշերով մի քանի բեռնատար մեքենաներ նկատել են, որոնցում, ըստ վրացական կողմից, ամենայն հավանականությամբ, ԲՈՒԿ ինքնագնաց զենիթա-հրթիռային համալիր է եղել: Բայց դա ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական նշանակության տեխնիկա է: Հավելենք նաեւ, որ Սամվել Բաբայանի ձերբակալությունը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը որակում է որպես քաղաքական հետապնդում: Բաբայանը երբեք չի հերքել իր կապն այս դաշինքի հետ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր սահմանել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ընտրական քվեաթերթիկի նմուշը: Դրանք նախապես ներկայացվել են ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների ներկայացուցիչներին: Հրատարակչատանը քվեաթերթիկների տպագրությունը բաց է եղել. գործընթացին հետեւելու հնարավորություն են ունեցել բոլոր ցանկացողները:

Իսկ քաղաքական ուժերը շարունակում են նախընտրական քարոզչությունը: Շենգավիթում հանդիպման ժամանակ ընտրողներից մեկը Կարեն Կարապետյանին հարցրել է «Նաիրիտ»-ի ճակատագրի մասին: Վարչապետը հստակ հայտարարել է. պետությունը չի վերականգնելու գործարանը, բայց խելամիտ ներդրողին հնարավորությունների չափով կաջակցի։ Պարզապես ուշադիր կլինեն ներդրողի ընտրության հարցում:

«Ծառուկյան» դաշինքի ղեկավարն էլ այսօր կրկին մարզերում էր: Դիլիջանում ելույթից հետո նա սկսել է հավաքել իրեն հասցեգրված նամակները, իսկ մի տատիկ նամակի փոխարեն ուտելիքով լի տոպրակ է տվել, թե՝ «Կսնվես, բալա ջան, ճամփա ես գնում»:

Իսկ Սեւանում հանդիպման ժամանակ խոստովանել է. չնայած Տիգրան Մուկուչյանից նկատողություն է ստացել, բայց երեկ Եղեգնաձորից մի տարեց կնոջ է օգնել: Կինն ասել է, որ կոտրել է ոտքը, բայց քանի որ փող չունի, հիվանդանոցում հրաժարվել են իրեն բուժօգնություն ցուցաբերել: Չի դիմացել, օգնել է, բայց ոչ թե տեղում եւ անձամբ, այլ ժամեր անց՝ «ընկերների միջոցով»:

Ի դեպ՝ նախընտրական շրջանում օգնության մասին: Դեռեւս նկատողություն չի ստացել, բայց խոստումներ է տալիս պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանը: Շենգավիթում հանդիպման ժամանակ բժիշկ Սերգեյ Կիրակոսյանը խնդրել է Երեւանում աշխատանքի տեղավորել: Խոստացել է օգնել:

Վարդենիսում էլ «Ելք» դաշինքի ներկայացուցիչները վթարի են ենթարկվել: Նիկոլ Փաշինյանն իր մեքենայով բախվել է մեկ այլ մեքենայի: Facebook-ում գրել է, որ մեքենայի ղեկին ինքն է եղել, «արգելակները չեն պահել ու բախվել են դիմացի մեքենային»: Վիրավորներ չկան, իսկ մեքենայում Փաշինյանի հետ են եղել նաեւ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը:

Կառավարության այսօրվա նիստի օրակարգը հագեցած է եղել, վարչապետի հանձնարարականները՝ շատ: Կարեն Կարապետյանը նաեւ բազմաթիվ դժգոհություններ է ունեցել: Նախ՝ Սեւանա լճի եւ հարակից տարածքների խնդիրների մասին. այստեղ հատուկ հարկային գոտի են ստեղծելու, պրոգրեսիվ հարկերով ակտիվ ունեցող մարդկանց դրդելու են գործ անել: Վարչապետը խնդիր է տեսնում նաեւ «Սեւան» ազգային պարկի տնօրենի աշխատանքում: Այդ հարցով հանձնարարականը բնապահպանության նախարարին էր ուղղված:

Բիզնեսով արդեն զբաղվողներն էլ պետք է իմանան. անբարեխիղճ աշխատողները հարկայինի թիրախում են: Վարչապետը հանձնարարել է քարոզել հարկային ու մաքսային ծառայության՝ վերջերս բացված մոնիթորինգի կենտրոնի աշխատանքը:

Կարեն Կարապետյանը վերջերս ավելի հաճախ է մարզեր այցելում եւ Լոռիում հնարավոր ներդրողների հետ հանդիպման ժամանակ նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն է արձանագրել: Սուրեն Կարայանին հանձնարարել է ֆինանսավորել խոշոր գործատուների վարկերի տոկոսների մի մասը:

Եվս մեկ հանձնարարական էլ ոստիկանապետի համար էր. դժգոհություններ են ստանում: Ինքը՝ վարչապետն էլ դժգոհ է համայնքային ու մարզային նշանակության ճանապարհների ու կամուրջների կառուցման տեմպերից. արագացնել է պետք, իսկ պատասխանատուների հետ՝ կոշտ խոսել:

Իսկ մարզպետերն ու համայնքապետերը նորից ուսանողական նստարանին կհայտնվեն. աշխարհն այսօր արագ է փոխվում եւ հարկավոր է մրցունակ լինել: Վարչապետը նրանց աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու միջոց է գտել:

Հնարավոր է՝ շուտով հոլիվուդյան ֆիլմերին համարժեք կինոարտադրություն ունենանք: Կառավարությունը հետաքրքիր առաջարկ է ստացել բրիտանացի ռեժիսոր Դեյվիդ ՄաքՔենզիից: Նա ուզում է Հայաստանում Կինոյի և հեռուստատեսության դպրոց հիմնել, որը Լոս Անջելեսի Կինոյի դպրոցի գործընկերը կդառնա: Երեք տարվա ընթացքում այն կինոարտադրության համար անհրաժեշտ գույք եւ սարքավորումներ կբերի Հայաստան:

Այսօր նույնպես Ազգային ժողովում քվորում չի ապահովվել: Խորհրդարանում նորից 13 պատգամավոր է եղել՝ քվորում ապահովելու համար անհրաժեշտ 66-ի փոխարեն: Նշենք, որ սա հինգերորդ գումարման խորհրդարանի վերջին քառօրյան էր:

Պոլսո հայոց պատրիարքարանում կրքերը դեռ թեժ են: Տեղապահի ընտրությունում պարտված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մտադիր չէ հրաժարական տալ: Նամակով նրան է դիմել ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը՝ կոչ անելով հավատարիմ մնալ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի մոտ տված խոստմանն ու հրաժարական տալ եկեղեցական կարգում գոյություն չունեցող պաշտոնից: Աթեշյանը ոչ միայն հրաժարական չի տվել, այլ պատասխանել է նամակին՝ պնդելով, թե դեռ այդ պահը չի հասունացել: Այս թեժ երկխոսությանը միացել է Պոլսո պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը՝ Աթեշյանին կոչ անելով ընտրություն կատարել՝ լինել թուրքական պետությա՞ն, թե՞ հայկական եկեղեցու հետ։

Լոռիում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ալավերդիում մի տղամարդ կամրջից Դեբետ գետն է նետվել: Փրկարարները կամրջից մի քանի կիլոմետր հեռու գետում Ալավերդիի 50-ամյա բնակչի դին են հայտնաբերել: Նախնական տեղեկություններով՝ տղամարդն ինքնասպան է եղել: Լուրեր են պտտվում, որ նա հոգեկան խնդիրներ է ունեցել:

Մարտի 23-ին դոլարը շարունակել է թանկանալ, նրան է միացել նաեւ ռուբլին: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 521, ռուբլունը՝ 8 դրամ 41 լումա, ֆունտինը՝ 604 դրամ:

Մարտի 24-ի հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար 5-6 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -1+1, ցերեկը՝ +12+14 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ