News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հրազդանում տեղի է ունեցել նախօրեին Արցախում զոհված զինծառայող Արտակ Ռաֆայելյանի հոգեհանգիստը: Արարողությանը ներկա է եղել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Արտակ Ռաֆայելյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Ապրիլի 13-ին Արտակը 20 տարեկան կդառնար, զորացրվելու էր հուլիսին: Ռաֆայելյանն ընտանիքի ավագ որդին էր, կրտսեր եղբայրն այս տարի է զորակոչվել բանակ: Նա «Գինեսի» գրքի ռեկորդակիր էր. 7 ժամ անընդմեջ 11011 անգամ հենում-ծալում վարժություն է կատարել եւ գրանցվել «Հայկական դյուցազնագրքում» եւ «Գինեսի» գրքի ռեկորդակիր դարձել:

Այսօր նախընտրական քարոզչության ամփոփիչ հավաքն էր կազմակերպել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը: Լեւոն Տեր-Պետրոսյանը, ի դեպ, հավաքին, ինչպես նաեւ դրան հաջորդած «Խաղաղության երթին» չի մասնակցել: Ամբողջ քարոզարշավի ընթացքում նա միայն երկու անգամ հեռուստատեսությամբ հարցազրույց է տվել, իսկ քարոզչական հանդիպումներից ոչ մեկին չի մասնակցել, թեեւ գլխավորում է դաշինքի ընտրական ցուցակը: Իսկ դաշինքի ներկայացուցիչների ելույթներն այսօր կարճ էին: Արամ Մանուկյանը բացատրել, թե ինչու:

Լեւոն Զուրաբյանն էլ խոսել է արդար ընտրության ակնկալիքների մասին: Ասել է, որ իրենց հաջողվել է հեղափոխություն անել. երկարատեւ քննարկումների արդյունքում, իր խոսքով, իշխանություններին կարողացան պարտադրել ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրել, քվեարկությունից հետո էլ հրապարակել ընտրական ցուցակները:

Նախընտրական քարոզչության շրջանակում Կարեն Կարապետյանը պետք է հանդիպեր Հրազդանի ընտրողների հետ: Սակայն հանդիպումն ու նախանշված համերգն այստեղ չեղարկվել են. Հրազդանում տեղի ունեցավ Արցախում զոհված զինծառայողի հոգեհանգիստը:

Սակայն Կարապետյանը հանդիպումներ է ունեցել Կոտայքի այլ բնակավայրերում: Գառնիում վարչապետից երկաթգիծ են պահանջել. ճանապարհ չունեն, բնակավայրն անկլավի է վերածվել: Կարեն Կարապետյանը պահանջն անիրագործելի է համարում: Աբովյանում էլ վարչապետն անհնար է համարել «Սիրիուս» գործարանի վերագործարկումը: Մանրամասն բացատրել է, թե ինչու եւ հավելել, որ այդտեղ նոր աշխատատեղեր կարող են բացվել:

Երեկ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր 15 մլրդ դոլարի օտարերկրյա ներդրման հնարավորության մասին՝ ընտրություններում իր գլխավորած դաշինքի հաղթանակի դեպքում: Այսօր այդ մասին հարցին ի պատասխան՝ Էդուարդ Շարմազանովը Ջիվանուն է հիշել: Շարմազանովը վստահում է ընտրությունների նախաշեմին հրապարակվող սոցհարցումների արդյունքներին: Ինքն էլ կանխատեսում է, որ ապրիլի 2-ից հետո կկարողանան կառավարություն ձեւավորել:

Նիկոլ Փաշինյանը կասկածում է, որ Հանրապետականի ներկա եւ նախկին կոալիցիոն գործընկերներ ՀՅԴ-ն եւ «Հայկական վերածնունդը»՝ նախկին ՕԵԿ-ը, խորհրդարան կանցնեն: Դաշնակցությունից Աղվան Վարդանյանը զարմացած է: Ֆեյսբուքյան գրառմամբ Վարդանյանը նշել է, որ թվում էր՝ Փաշինյանը «կամաց-կամաց հասուն, հավասարակշիռ, շրջահայաց քաղաքական գործչի որակներ է ձեռք բերում», բայց սխալվել է: «Չգիտեմ՝ իջեւանցի իր նախնիները կոմունի՞ստ, թե՞ դաշնակցական են եղել: Բայց գիտեմ` ելք կա: Ու ելքը Դաշնակցությունն է»,- գրել է Աղվան Վարդանյանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ավարտել են տարածաշրջանային այցերն ու հանդես եկել ամփոփիչ հայտարարությամբ: Դրանում նշվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն են հայտնել շարունակել բանակցային գործընթացը՝ խնդրի քաղաքական լուծման ուղղությամբ: Եռանախագահները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ նախ եղել են Բաքվում, հետո՝ Երեւանում եւ Ստեփանակերտում:

Արցախում Մինսկի խմբի անդամները քննարկել են Կասպրշիկի խմբի ընդլայնման հարցը. այն յոթ մարդով ավելացնելու մասին նախնական համաձայնություն կա։ Սակայն բանակցային գործընթացին Ստեփանակերտի միանալու հարց այս անգամ չի քննարկվել:

Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը գնել է «Հրազդան ՋԷԿ»-ը: Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն է տվել: Հիշեցնենք, որ 2015 թվականի հոկտեմբերին ռուսական «Ինտեր ՌԱՕ» հոլդինգը «ՀրազՋԷԿ»-ի 100% բաժնետոմսերը վաճառել է «Տաշիր» հոլդինգի «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» կազմակերպությանը: Այսօր վավերացված գործարքով «Լիորմանդից» բաժնետոմսերը փոխանցում է «Տաշիրին»: Հավելենք նաեւ, որ Հրազդան-ՋԷԿ-ը հիմնականում աշխատում է որպես պահուստային կայան` ԱԷԿ-ի կանգի եւ էներգիայի ընթացիկ պակասուրդի ժամանակ: 2016 թվականին կայանը մատակարարել է Էլցանցի ստացած էներգիայի շուրջ 7%-ը:

Երեւանում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Այգեձորի տներից մեկում տղամարդու դի կա կախված: Դեպքի վայր ժամանած իրավապահները երիտասարդ տղամարդու դի են հայտնաբերել՝ 30-35 տարեկան: Նախնական տեղեկություններով՝ նա Իրանի քաղաքացի է, Հայաստան էր ժամանել որպես զբոսաշրջիկ: Հարեւանները պատմել են, որ տղամարդն այդ տանը բնակվում էր շուրջ երկու շաբաթ: Կասկածելի ոչինչ այդ ընթացքում չեն նկատել. հյուրեր չի ունեցել, լեզու չիմանալով՝ չի էլ հաղորդակցվել հարեւանների հետ:

Երեւան-Սեւան ավտոճանապարհին մահվան ելքով վթար է տեղի ունեցել: «Չայնիի» ոլորանների հատվածում «BMW»-ն բախվել է «ԿԱՄԱԶ»-ին, ինչի հետեւանքով «BMW»-ի ուղեւորները՝ 40-ամյա Կարեն Օզմանյանն ու 28-ամյա Վարինկա Բաբայանը, տեղում մահացել են, մյուս երկու ուղեւորները հիվանդանոց են տեղափոխվել: Պատահարի առիթով քրեական գործ է հարուցվել:

Դոլարն ու եվրոն շարունակում են զիջել դիրքերը: Մարտի 29-ին դոլարի փոխարժեքը կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 522, ռուբլունը՝ 8 դրամ 49 լումա, ֆունտինը՝ 601 դրամ:

Մարտի 30-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +0+2, ցերեկը՝ +16+18 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ