News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2011-ից սկած հրապարակվում է պաշտոնական տեղեկատվություն հանրակրթական դպրոցներում սովորողների ներհոսքի ու արտահոսքի մասին։ Ընդամենը վեց տարում երկրից մեկնել է 34․9 հազար դպրոցական, իսկ արտասահմանից ժամանել՝ ավելի քան 12․8 հազար դպրոցական։ Բացասական սալդոն գերազանցել է 22 հազարը։

Նշված ժամանակահատվածի յուրաքանչյուր տարում սալդոն բացասական է եղել, ընդ որում բավականին զգալի  (տես ստորեւ ներկայացված գրաֆիկը)։ Ուշագրավ է, որ այդ բոլոր տարիներին թե մայրաքաղաքում, թե մարզերում արտահոսքը միշտ գերազանցել է ներհոսքը։

Սովորողների արտահոսքի բացարձակ մեծությամբ ռեկորդակիր է մայրաքաղաքը՝ գրեթե 13 հազար մարդ նշված տարիներին։ Հաջորդ տեղում Արմավիրն է ՝ մոտ 4․1 հազար, Կոտայքը՝ 3․6 հազար դպրոցական։ Նվազագույն ցուցանիշը Վայոց ձոր մարզում է՝ 0․4 հազարից էլ քիչ դպրոցական։

Առավելագույն բացասական սալդոն դարձյալ մայրաքաղաքին է բաժին ընկնում՝ 7․1 հազար դպրոցական։

Նկատենք, որ երկրի բնակչության ընդհանուր թվաքանակում  Երեւանի մասնաբաժինը մի քիչ գերազանցում է 36 տոկոսը։ Դպրոցականների արտահոսքում մայրաքաղաքի մասնաբաժինը մոտ է այդ նիշին՝ 37․2 տոկոս, իսկ ահա ներհոսքի ցուցանիշում մի քիչ ավել է ՝ 45․6 տոկոս։

Հասկանալի է, որ մայրաքաղաքը  բնակության, աշխատանքի ու ուսման իր հնարավորություններով շատ ավելի գրավիչ է ներգաղթյալների համար , քան մարզերը։ Ասենք վերջին տարիներին Հայաստան ժամանած սիրիահայ փախստականների ընտանիքների համար, որոնց երեխաները ընդունվել են դպրոցներ։

Իսկ ի՞նչ պատճառներով են հեռանում դպրոցում սովորողները։ Հնարավոր է օրինակ նման իրավիճակ՝ ընտանիքները, որոնք դպրոցահասակ երեխաներ ունեն, մեկնում են Հայաստանից Ռուսաստան, ժամանակավոր աշխատանքի ։ Հետո, որոշ ժամանակ անց, վերադառնում են հայրենիք։ Այդ դեպքում, եթե երեխաները դեռ դպրոցական տարիքում են, նրանք նորից հայաստանյան դպրոցներ են ընդունվում։ Բնականաբար, Ռուսաստանի քաղաքացիություն ընդունելու դեպքում այդ տարբերակը արդեն քիչ հավանական է, չնայած չի բացառվում։ Պատահում է, երբ ծնողները, որոնք մշտապես բնակվում են արտասահմանում, ցանկանում են, որ իրենց երեխաները Հայաստանում կրթություն ստանան։

Ռուսաստանն իհարկե առաջատար է այն երկրների ցանկում, ուր արտագաղթում են մեր քաղաքացիները։ Բայց կա նաեւ օրինական արտագաղթի այլ հնարավորություն՝ ԱՄՆ-ի Green Card -ը։ Օրինակ երեք տարի առաջ այդ վիճակախաղով ներգաղթի վիզա են ստացել մեր ավելի քան երկու հազար քաղաքացիներ։ Դա արդեն անվերադարձ արտագաղթ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ