News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Մայիսի 18-ին կայանալիք 6-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստից առաջ խորհրդարանական պաշտոնների հարցը, կարծես, լուծվեց: Այսօր կայացած Հանրապետական կուսակցության Խորհրդի նիստում որոշվել է, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու են Արա Բաբլոյանի թեկնածությունը: Փոխխոսնակի թեկնածուներն էլ Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանն են: ՀՀԿ խմբակցությունը շարունակելու է ղեկավարել Վահրամ Բաղդասարյանը, քարտուղարը կլինի Գագիկ Մելիքյանը: Հանրապետականը նաեւ առաջարկելու է նախկին 12 մշտական հանձնաժողովների փոխարեն 9 հանձնաժողով ձեւավորել: Այդ դեպքում ՀՀԿ-ին բաժին կհասնի վեց հանձնաժողով:

«Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավորներին էլ նիստի էր հրավիրել Գագիկ Ծառուկյանը: Այստեղ, ինչպես հայտնի է, ամեն ինչ հարթ չէ: Օրեր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված 23 մարդ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Նրանցից 8-ը, սակայն, հաջորդ օրն իսկ հայտարարեցին, որ դա Գագիկ Ծառուկյանի միանձնյա որոշումն է եղել, եւ հետ վերցրեցին ինքնաբացարկի դիմումները: Վարդան Բոստանջյանը, սակայն, հերքել է Ծառուկյանի կողմից ճնշումների մասին լուրերը. փողոցային խոսակցություններ են:

Իսկ Ծառուկյանի որոշման դեմ ըմբոստացած պատգամավորների թվում էր նաեւ Նապոլեոն Ազիզյանը, որն այսօր ասել է, որ չի հրաժարվելու պատգամավորական մանդատից: Լրագրողները, սակայն, հիշեցրել են. ավելի վաղ ասել էր, թե այսօրվա նիստում է որոշվելու մանդատ վերցնել-չվերցնելու հարցը, նաեւ հայտարարել, որ իր մանդատը «մատաղ կանի Ծառուկյանի ոտքերի տակ»: Նորընտիր պատգամավորն արդյունքում փոխել է խոսքի ոճը:

Ինքնաբացարկի դիմումը հետ վերցրած Արարատ Զուրաբյանն էլ դեռ չի որոշել, կվերցնի մանդատը, թե՞ ոչ: Բայց վստահեցրել է, որ Ազգային Ժողովի առաջին նիստին, ամեն դեպքում, կմասնակցի: Վաղն էլ կորոշի պատգամավորական մանդատը վայր դնելու հարցը:

ՀՀԿ-ից հեռացած եւ «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Վարդան Ղուկասյանից էլ լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու է, ի վերջո, հեռացել հարազատ կուսակցությունից: Ասում է՝ ինքը չի հեռացել, կյանքն է իրեն տեղափոխել այս դաշինք: Իսկ ընդհանրապես, Ղուկասյանը ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ տարբերություն չի դնում:

Դաշինքի նիստում նաեւ որոշվել է, որ խորհրդարանական խմբակցությունը ղեկավարելու է Գագիկ Ծառուկյանը: Այստեղ նաեւ որոշել են, որ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրելու են Միքայել Մելքումյանի թեկնածությունը, երեք թեկնածու էլ ունեն խորհրդարանական խմբակցությունների ղեկավարի համար՝ Նաիրա Զոհրաբյան, Վարդեւան Գրիգորյան, Վարդան Բոստանջյան:

Բայց եթե մշտական հանձնաժողովների թիվը կրճատելու՝ Հանրապետականի առաջարկն ընդունվի, ինչի հավանականությունը մեծ է, «Ծառուկյան»  դաշինքին բաժին կհասնի երկու հանձնաժողով, եւս մեկ հանձնաժողովի ղեկավարություն էլ կստանձնի «Ելք» դաշինքը:

«Ելք»-ի խորհրդարանական խմբակցությունն նույնպես այսօր նիստ է գումարել: Խմբակցության ղեկավար է ընտրվել Նիկոլ Փաշինյանը, քարտուղար՝ Գեւորգ Գորգիսյանը: Ամենայն հավանականությամբ, «Ելք»-ը նաեւ մեկ մշտական հանձնաժողովի նախագահ կունենա:

Իսկ Ազգային ժողով անցած պաշտոնյաներն այսօր մեկը մյուսի հետեւից ազատվել են աշխատանքից: Վարչապետի որոշմամբ՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից ազատվել է Գեւորգ Կոստանյանը: Նա պատգամավոր է ընտրվել ՀՀԿ-ի ցուցակով:

Սերժ Սարգսյանի հրամանագրերով էլ պաշտոնից ազատվել են նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը, նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Վարչապետի որոշմամբ, արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Մարտական դիրքում պայմանագրային զինծառայող է զոհվել: Այսօր առավոտյան՝ ժամը 10:30-ի սահմաններում, Հայաստանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանը: Քննչական կոմիտեն քննություն է սկսել՝ Կարապետյանի վիրավորում ստանալու հանգամանքները պարզելու համար:

Այս գիշեր հակառակորդը կրկին ակտիվ է եղել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում: Հայկական կողմը պատասխան գործողությունների է դիմել եւ կորուստներ պատճառել հակառակորդին: Արցախի պաշտպանության բանակը գործողության տեսագրությունն է ներկայացրել: Ադրբեջանական կողմը գիշերը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 60 անգամ: Այս անգամ նույնպես, հրաձգային զինատեսակներից բացի, հակառակորդն ականանետեր եւ հակատանկային նռնականետ է կիրառել:

Վանաձորում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Քաղաքով անցնող Տանձուտ գետում տղամարդու դի են հայտնաբերել: Փրկարարները գետից դուրս են բերել տղամարդու մարմինն ու հագուստի գրպանում անձնագիր գտել: Դրա տվյալների համաձայն՝ ջրահեղձ եղած քաղաքացին Վանաձորի 79-ամյա բնակիչ Զավեն Խաչիկի Գալստյանն է:

Էրդողանի այցը Վաշինգտոն ցույցերի եւ բախումների առիթ է դարձել: ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ բողոքելու Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի դեմ: Էրդողանի կողմնակիցները հարձակվել են ցուցարարների վրա: 9 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել: Տուժածներից մեկը Հայաստանից է, ազգությամբ եզդի, մյուսները քրդեր են: Բախումների արդյունքում 2 մարդ է ձերբակալվել: Վաշինգտոնի ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ նրանցից մեկին ոստիկանի վրա հարձակման մեղադրանք է առաջադրվել: Առայժմ հայտնի չէ, սակայն, արդյո՞ք ձերբակալվածների մեջ բախում հրահրած Թուրքիայի նախագահի թիկնապահներ կան:

Ամերիկայի քրդական, հունական ու ասորական կազմակերպությունները բողոքի ակցիայի էին դուրս եկել՝ ուշադրություն հրավիրելու Թուրքիայում Էրդողանի վարչակազմի բռնաճնշումների ու երկրի սահմաններից դուրս իրականացվող ագրեսիայի ուղղությամբ: Ցուցարարներին նաեւ ամերիկահայեր են միացել:

Ամերիկյան արժույթը շարունակում է թուլանալ, իսկ եվրոն հաստատուն քայլերով ամրապնդում է դիրքերը: Արդյունքում մայիսի 17-ին դոլարի փոխարժեքը կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 536, ռուբլունը՝ 8 դրամ 52 լումա, ֆունտինը՝ 626 դրամ:

Մայիսի 18-ին հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա, իսկ հետո 4-5 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես տեղումների հավանականություն կա: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +26+28 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ