N զորամասի եֆրեյտոր Գեղամ Բադալյանը մեղադրվում է սպայական կոչում ստանալու համար կեղծ դիպլոմ ձեռք բերելու մեջ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Բադալյանը դասակի հրամանատարի պաշտոն զբաղեցնելու և սպայական կոչում ստանալու համար անհրաժեշտ կրթական ցենզին համապատասխանելու նպատակով 2015թ. նոյեմբերին Երևանում գործով չպարզված անձից 800 ԱՄՆ դոլարով գնել է դիպլոմ, որի համաձայն, իբր ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը և ստացել արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրի աստիճան: Այնուհետեւ զինծառայողը դիպլոմի պատճենը ներկայացրել է ՀՀ ՊՆ N զորամասի համալրման բաժանմունքի պետին, անցել որակավորում, հանձնել համապատասխան քննություններն ու ստացել լեյտենանտի կոչում: Դրանից հետո նա նշանակվել է նույն զորամասում՝ որպես ինժեներասակրավորային վաշտի ինժեներատեխնիկական դասակի հրամանատար:

Գեղամ Բադալյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով): Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում: