Իրանի Իսլամական Հանրապետությունում այսօր՝ հունիսի 7-ին, տեղի ունեցած ահաբեկչական գործողույթունների հետ կարող են առնչություն ունենալ արաբական այն երկրները, որոնք վերջին շրջանում Իրանին պատժելու վերաբերյալ հայտարարություններ են հնչեցրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Իրանում հայակական «Արաքս» թերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը: Նրա խոսքով, վերջին շրջանում Իրանի հասցեին հնչած տարբեր հայտարարություններից հետո այսօր տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները սպասելի էին:
«Սպասելի էր, արդեն երկար ժամանակ խոսում էին, որ Իրանը հարվածի տակ պետք է հայտնվի, տարբեր տեղերից կային սպառնալիքներ՝ սկսած ԴԱԻՇ-ից, մինչեւ արաբական այն երկրները, որոնք Իրանի գլխին սպառնալիք էին հնչեցնում: Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ից անգամ հայտարարություն եղավ, որ Իրանն իր դիրքորոշման համար պետք է զգուշացվի եւ պատժվի: Իհարկե, ես չեմ ասում, որ նրանք այս ամեն ինչի հետ կարող են կապ ունենալ, բայց ուղղակի, թե անուղղակի, կարող ես մտածել, որ ինչ-որ առնչություն կարող են ունենալ միմյանց հետ»,-ասաց նա:
Թե ինչու Իրանում ահաբեկչություն իրականացվեց, Մովսես Քեշիշյանը նշում է. «Այս քայլով փորձում են ճնշել Իրանին, մանավանդ վերջին շրջանում շատ է խոսվում, թե Իրանը պաշտպանում է ահաբեկիչներին. Իրանում ահաբեկչություն են բանեցնում, ինչպես եվրոպական երկրներում: Սակայն, գիտենք, որ Իրանը եւ Եվրոպայում, եւ Սիրիայում, Լիբանանում միշտ հակազդել է ահաբեկիչներին եւ բնական էր, որ Իրանին ուզում են ճնշել այս առումով: Նաեւ կարող եմ ասել, որ սա քայլ է տարածաշրջանում անվտանգությունը նվազեցնելու»:
Մովսես Քեշիշյանի խոսքով, Իրանի Իսլամական Հանրապետությունում ԻՊ ահաբեկչական կազմավորումը չի կարող հաստատվել եւ ինչ-որ ազդեցություն ունենալ երկրում: Նրա խոսքով, Իրանում ահաբեկչական գործողություններ իրականացրած անձինք իսլամի սունի ճյուղին դավանողներ են, որոնք Իրան են գնացել Մարոկկոյից, իսկ Իրանում բնակվում են հիմնականում շիաներ:
«Մի քիչ դժվար է պատկերացնել, որ ԴԱԻՇ-ն Իրանում կկարողանա հզոր ներկայություն ունենալ, մանավանդ Իրանի կենտրոնական շրջաններում, որովհետեւ ԴԱԻՇ-ականները հիմնականում սունիներ են, բայց Իրանում մեծ մասամբ շիաներ են: Մարդիկ, որոնք այսօր ահաբեկչական գործողություն են իրականացրել Իրանում, հիմանկանում արաբներ են եղել Մարաքեշից եկած: Իրենց խոսակցությունը, առոգանությունը մասնագետների պնդմամբ դեպի Մարոկկո է տանում: Կա նաեւ մեկ ձերբակալված, որը նույնպես արաբ է, այսինքն՝ արտասահմանից եկածներ են»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ կանացի հագուստով չորս զինյալներ ներխուժել են Իրանի խորհրդարան, հարձակման է ենթարկվել նաեւ Իմամ Խոմեյնիի դամբարանը: Իրականացված ահաբեկչությունների հետեւանքով 12 մարդ է զոհվել, վիրավորների թիվը հասել է մի քանի տասնյակի: ԻՊ-ը ստանձնել է պատասխանատվությունը:



























