Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը այցելել են Տրետյակովյան պատկերասրահ, որտեղ ցուցադրված են նկարիչ Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունները:
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ցուցահանդեսում ներկայացված են մոտ 29 գեղանկարչական աշխատանքներ, որոնք հիմնականում վերաբերում են 1910-ական թվականներին: Աշխատանքների մեծ մասը ստեղծվել են Սարյանի՝ Մերձավոր Արեւելքի երկրներ կատարած շրջագայությունների ընթացքում կամ հետո:
Առաջին անգամ Տրետյակովյան պատկերասրահը, Երեւանի Մարտիրոս Սարյանի թանգարանի եւ Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ ցուցադրում է նկարչի վաղ ստեղծագործական շրջանի իր հավաքածուն: Ցուցադրված աշխատանքները ներկայացնում են արվեստագետի աշխատանքի ամենավառ շրջանը: